Միշել-Փաշինյան և Միշել-Ալիև հեռախոսազրույցներ՝ Բրյուսելում հանդիպումից առաջ

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք հերթական հանդիպման նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է անցկացնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ։

«Նախապատրաստական հեռախոսազրույցներ՝ Ադրբեջանի նախագահի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վաղվա չորրորդ հանդիպմանն ընդառաջ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Միշելը։

Կառավարությունից ևս պաշտոնական տեղեկություն են հաղորդել հեռախոսազրույցի մասին։ Ըստ այդմ՝ զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը:

«Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ: Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր»,- նշված է գործադիրի հայտարարության մեջ:

Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:

Փաշինյանի և Ալիևի միջև վերջին հանդիպումը կայացել է մայիսի 22-ին կրկին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Ավելի վաղ՝ օգոստոսի 10-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Մոսկվան պլանավորում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաների շուրջ:

Մեկնաբանել