ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը՝ անդրադառնալով այսօր Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի միջև կայանալիք հանդիպումից պետդեպարտամենտի ունեցած ակնկալիքների վերաբերյալ հարցին։

«Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»,- ասել է Պատելը։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Մինչ այս Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում արդեն երեք հանդիպում են անցկացրել՝ 2021-ի դեկտեմբերի 14-ին, 2022-ի ապրիլի 6-ին և մայիսի 23-ին։

Մեկնաբանել