Հետևում եմ առողջությանս՝ կյանքի որակը բարձր պահելու, ինչպես նաև ոչ ոքի համար դժվարություններ չստեղծելու նպատակով. տարեց կնոջ մտորումները

Գեղեցիկ Ոսկանյան

«Առաջ ես կարծում էի, որ մարդիկ 70 տարեկանում արդեն շատ ծեր են, սակայն համոզվեցի, որ դա ամենևին էլ այդպես չէ, երբ լրացավ 70-ամյակս․ քանի որ տարիքից շատ ավելի կարևոր է մարդու մտավոր և հոգեբանական վիճակը։ Տարիքի հետ, միանշանակ, ի հայտ են գալիս որոշակի առողջական խնդիրներ՝ ցավ, ինքնազացողության վատթարացում… սակայն միշտ չէ, որ ցանկություն կամ հնարավորություն կա որևէ մեկին բողոքելու, առավել ևս երբ մենակ ես ապրում»,- ասում է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի այցելու Ելենա Մովսիսյանը։

Հանդիպող դժվարություններն ու փորձություններն իրենց բացասական ազդեցությունն են թողել նրա առողջության վրա։ Պատերազմը, տեղափոխությունները, մոր, ամուսնու և որդու կորուստը թևատել են տիկին Ելենային, բայց հետո, ինչպես ինքն է նշում, թեև դժվարությամբ, սակայն կարողացել է հաղթահարել այդ ամենը։

«Երբ մահացավ տղաս, կորցրի ապրելու ցանկությունը: Աղջիկս էր միայն կարողանում ինձ սթափեցնել, իր խոսքերով ու ներկայությամբ ետ բերել ապրելու ձգտումս: Ես պետք է հետևեմ ինձ հանուն աղջկաս՝ մտածեցի ես»,- պատմում է նա։

Այսօր Ելենա Մովսիսիյանը ոչ միայն իր առողջությանն է մեծ ուշադրություն դարձնում, այլև իրեն շրջապատողներին է նույնը հորդորում:

«Տարվա մեջ երկու անգամ բուժզննում եմ անցնում՝ պարզելու, թե ինչ վիճակում է առողջությունս։ Ստուգում են արյունս, վիտամինները, վահանաձև գեղձը։ Ոսկրերի հիվանդության առկայության պատճառով ամեն օր դեղորայք եմ ընդունում, աշխատում եմ շատ քայլել, հաճախում եմ Տարեցների առողջության և խնամքի ապահովման կենտրոն»,- նշում է նա։

Կենտրոնի շահառուները հնարավորություն են ստանում իրենց առօրյան բովանդակալից դարձնել մարզումների, նկարելու, գործելու և կարելու, երգելու, պարելու միջոցով։ Այդ ամենից զատ՝ կենտրոնը շահառուներին անվճար անալիզներ հանձնելու համար հատուկ ուղեգրեր է տրամադրում։

«Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակներում կենտրոնի շահառուներին ներկայացվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման կարևորությունը։

Տիկին Ելենան հիշում է՝ դեռևս այցի ժամանակ հորդորում էին հետևել առողջությանը, ներկայացնում էին պատվաստվելու անհրաժեշտության մասին, քանի որ, տարիքից ելնելով, շատերն են խոցելի խմբում․- «Տեղում պատվաստում էին բոլոր ցանկացողներին, ինչպես նաև անցկացնում այլ ստուգումներ, որոնց կարելի էր մասնակցել ցանկության դեպքում»։

Նա չի պատվաստվել այցի ժամանակ, քանի որ մինչ այդ դստեր հորդորին հետևել ու արդեն երկու դեղաչափ էր ստացել, իսկ ստուգումներին սիրով մասնակցել է։

«Պատվաստումը հոգատարություն է» արշավն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համագործակցությամբ։

«Ներքին ծերությունն արտաքին ծերությունից շատ ավելի վատ է, ուստի մի՛ վատնեք երիտասարդ տարիները, ապրեք լիարժեք։ Կանոնավոր ստուգումները դառնում են անհրաժեշտություն, ցանկալի է առնվազն տարին մեկ անգամ ստուգում անցնել: Կյանքի որակը կայուն պահելու միտումից զատ՝ այս ամենը կարևոր է նաև հարազատներին անհանգստություն չպատճառելու համար: Ես չեմ ցանկանում, որ իմ աղջիկը, հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվելով, ինձ համար անհանգստանա»,- ասում է Ելենա Մովսիսյանը։

Մեկնաբանել