Մոսկվայի և Բրյուսելի ձևաչափերը միմյանց դուրս չեն մղում, այլ մրցակցում են. Իսկանդարյան

Ռուսաստանը թեև նյարդայնացած է ղարաբաղյան կարգավորման հարցում Եվրոպական Միության միջնորդական ակտիվությունից, բայց դեռևս պատրաստ չէ լուրջ հակաքայլեր իրականացնել այն պարզ պատճառով, որ նրան փոխարինել հնարավոր չէ այդ գործընթացում։ Այս մասին Սիվիլնեթի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նկատում է, որ Ռուսաստանը նյարդայնացած է բանակցությունները Բրյուսել տեղափոխելու հանգամանքից, սակայն, միևնույն ժամանակ, Մոսկվան չի զգում տարածաշրջանում իր դիրքերին սպառնացող վտանգ՝ կտրուկ գործողություններ ձեռնարկելու համար։

«Եթե Ռուսաստանն իսկապես շատ լուրջ նյարդայնացած լիներ այն գործընթացից, որն ընթանում է Բրյուսելում, ապա, հասկանալի է, որ նա ունի գործիքակազմ այն կանխելու, միայն իր վրա կենտրոնացնելու համար»,- նշեց Իսկանդարյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ որքան էլ զարգանա բրյուսելյան գործընթացը, որքան էլ այն օգուտ բերի բանակցային գործընթացում Հայաստանին, իրողություններն այլ են․ Բրյուսելը կարող է միայն հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար:

«Լուրջ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Բրյուսելը չի կարող, նա չունի նման գործիքակազմ։ Անվտանգություն նույնպես չի կարող ապահովել, ԵՄ-ն անվտանգություն է վերցնում ՆԱՏՕ-ից։ Ռուսաստանը նման գործիքակազմ ունի: Այն տարածքում (Լեռնային Ղարաբաղ), որն Ադրբեջանն իրենն է համարում, կանգնած են ռուս խաղաղապահները։ Այլ բան է՝ Ռուսաստանն այդ գործիքակազմը կօգտագործի ճնշելու համար, թե ոչ»,- նկատեց քաղաքագետը և հավելեց, որ Ռուսաստանն այժմ այլ խնդիրներով է զբաղված, որոնք առավել կարևոր են, քան հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հիմնահարցերը։

Դրա հետ մեկտեղ, կարծում է փորձագետը, Մոսկվայի և Բրյուսելի ձևաչափերը միմյանց դուրս չեն մղում, դրանք մրցակցում են հայտարարությունների մակարդակով: «Բրյուսելի ակտիվությունը կարող է նյարդայնացնել, իրավիճակը ռուսական վերնախավում այժմ բավականին լարված է, ուստի ռուսները կարող են բավական նյարդային արձագանքել։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք այցերի, հանդիպումների և հեռախոսազանգերի կուտակում, որտեղ Երևանը փորձում է Մոսկվային բացատրել, թե ինչ է կատարվում արևմտյան ուղղությամբ և հակառակը», – եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

2022-ի սկզբից Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ունեցել են երեք հանդիպում, երեքն էլ՝ Բրյուսելում, ինչն առաջացրել է ՌԴ ԱԳՆ-ի կտրուկ արձագանքը:

«Հարավային Կովկասում ԵՄ ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական նկրտումներով և, մեր կարծիքով, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ ոչ մի կապ չունի, – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչը: – Եվրոպացի դիվանագետների ջանքերն «ավելի շատ նման են միջնորդության դափնիները անխնա յուրացնելու փորձին, որոնց տակ ոչինչ չկա»:

Մեկնաբանել