Պապիկյանն ու Շոյգուն պայմանավորվել են քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

«Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

Մեկնաբանել