Սահմանին իրավիճակի շտկման հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. Ալեն Սիմոնյան

Հրադադարի պայմանավորվածության հարցում Հայաստանի բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են, իրավիճակի շտկման հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն:

Անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ո՞ր գործընկերներն են գլխավոր դերակատարն այս հարցում՝ Սիմոնյանն ասել է. «Բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումն ունեցել են՝ ՌԴ-ն, Ֆրանսիան: Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները»:

Հարցին՝ որքանո՞վ կհաջողվի կայուն պահել իրավիճակը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման: Մեր աշխատանքի տրամաբանությունը լիովին այդ տրամաբանության մեջ է, հակառակորդի «բարի կամքի» կամ որևիցե պայմանավորվածության վրա որևիցե հույս դնել չի կարելի: Մենք այդ տրամաբանությամբ ենք շարժվում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած վերջին հարձակման հետևանքով օկուպացրել է 10-ը քառակուսի կիլոմետր տարածք: Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ դա որևիցե բնակավայրի չի վերաբերում․ «Հիմնական մարտերը եղել են դիրքերի շրջակայքում, հարձակումը եղել է դիրքերի ուղղությամբ, դիրքերի մասով է եղել այդ փոփոխությունը: Տեղ է եղել, որ մեր կողմից դիրքը հետ է վերցվել, տեղ է եղել, որ իրենք են ինչ-որ հաջողության հասել»,- ասել է ԱԺ նախագահը:

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական չորս անձ:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։