Ադրբեջանը փորձելու է հասնել Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժմանը․ Քոչարյան

Իմ տպավորությամ փորձ է արվելու Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժման գործընթաց սկսել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ամենից մեծ վտանգն է, որ եթե սկսվի Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժում։ Կարծում եմ, փորձելու են գնալ նաև դրան։ Թե տեխնիկապես ինչ ճանապարհ են ընտրելու, դժվարանում եմ ասել, բայց իմ տպավորությամբ հաջորդ քայլը լինելու է այս ուղղությամբ։ Սրա դեմ պետք է պայքարեն առաջին հերթին ղարաբաղցիները, Ղարաբաղի իշխանությունը՝ Հայաստանի աջակցությամբ»,- ասաց նա։

Քոչարյանը նկատում է, որ Արցախի հիմնախնդրի ուղղությամբ իրավիճակը շտկելու համար Հայաստանի իշխանության կողմից որևէ քայլեր չեն իրականացվում։

«Իմ տպավորությամբ Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում։ Խոսքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին է։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է հարաբերությունները կարգավորել առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման որոշակիության և միասնական պատկերացման։ Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն բառերն ուղղակի Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել են։ Սա վկայակոչում է, որ այստեղ ունենք լրջագույն պրոբլեմ։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ մենք Ղարաբաղի հարցը կարգավորված է։ Եվ Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ»,- նշեց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ գործընթացների այսպիսի ընթացքի դեպքում ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով՝ Բաքու-Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա։

Նա ընգծեց նաև, որ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ «բավական մեծ ջանասիրությամբ» համագործակցում են։ Ըստ նրա՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու գործարկումից հետո կախվածությունը Բաքվից ավելի է մեծացել, քանի որ չեն կառուցվել նոր գազամուղ և հոսանքագծեր․ «Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մեկ բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Քոչարյանի կարծիքով՝ Արցախի ապագայի բանալին Արցախի ժողովրդի ձեռքում է․ «Դա այդպես է հիմա, այդպես է եղել 1992-ին։ Այդ բանալու մի մասը նաև Հայաստանի ժողովրդի ձեռքին է։ Հայաստանի ժողովուրդը կպարտադրի՞ իշխանություններին որոշիակություն մտցնել Արցախի վերաբերյալ իրենց մոտեցումների մեջ, թե՞ ոչ»։