«Խաղաղ գործընթացն արդեն թափ ստացավ»․Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը մեկնաբանել է Պրահայում կայացած իր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին, որին ներկա էին նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ալիևն ասել է, որ հանդիպմանը քննարկվել են խաղաղ բանակցությունները։ «Մենք առաջ ենք քաշել հինգ պայման,- ասել է նա և հավելել։- Հուսով եմ, որ մենք կամաց-կամաց մոտենում ենք խաղաղությանը։ Ես բարձր եմ գնահատում Շառլ Միշելի գործունեությունը այս ոլորտում»։

«Այս հանդիպումը նշանակալից կլինի նաև խաղաղության պայմանագրի կնքման համար։ Առայժմ շփումները շարունակվում են։ Պայմանավորվեցինք, որ ընթրիքից հետո նորից հավաքվենք։ Ամեն դեպքում, խաղաղ գործընթացն արդեն թափ ստացավ»,- ասել է նա։

«Մենք առաջարկել ենք, որ երկու երկրների աշխատանքային խմբերը պատրաստեն խաղաղության համաձայնագրի տեքստը»,- ասել է Իլհամ Ալիևը։

***

Պրահայում այսօր ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի ընթացքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որին ներկա են եղել նաև Եվրոպական խորհրդի նախագահը և Ֆրանսիայի նախագահը։

Քառակողմ հանդիպումից հետո մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների վերջին հանդիպումը եղել է 2010-ին՝ այն ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջև Վաշինգտոնում։