Խաղաղության պայմանագրի սկզբունքների շուրջ համաձայնություն կա, այժմ պետք է դա կյանքի կոչել․ Չավուշօղլու

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների շուրջ, հիմա դրանք պետք է կյանքի կոչել: Այս մասին թուրքական tvnet հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն։

«Անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամուր խաղաղության պայմանագիր կնքվի: Դրան միտված թեմաներում, օրինակ՝ սահմանային և այլ հարցերի վերաբերյալ, ԱԳ նախարարների միջև հանդիպումներ են կայացել։ Համաձայնություն է ձեռք բերվել հինգ սկզբունքների շուրջ (Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած հինգ առաջարկները – խմբ․) և այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչել»,- ասել է Չավուշօղլուն։

Ըստ նրա՝ հիմնական նպատակն այն է, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն և հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ խաղաղության պայմանագրի բացակայության պարագայում «սադրանքները կշարունակվեն»։

«Ղարաբաղյան պատերազմից հետո լավ հնարավորություն ստեղծվեց, բոլորիս համար շատ կարևոր է Հարավային Կովկասում հասնել խաղաղության: Մենք հարաբերությունների կարգավորման գործում անկեղծ ենք: Սակայն պատերազմից հետո խաղաղության օրակարգի թեմայի մասին դրա դեմ խոսողներ կան՝ թե Հայաստանում, թե Սփյուռքում, ինչը լարվածություն է առաջացնում: Դա նաև պետք է Հայաստանը հասկանա, մենք էլ ենք դա խորհուրդ տալիս։ Անհրաժեշտ է կայուն խաղաղության ուղղությամբ քայլեր անել»,- նշել է նա։

Չավուշօղլուն կրկին հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հնարավոր չէ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից անկախ դիտարկել․ «Մենք մշտապես կապի մեջ ենք Ադրբեջանի հետ և չենք կարող առանձին գործել: Թե նախագահն է (Ռեջեփ Թայիփ Էրդողանը – խմբ․) կապի մեջ նախագահ Ալիևի հետ, թե՛ ես Ջեյհուն եղբոր հետ, և այդ համագործակցությունը Հայաստանի դեմ չէ, այլ ճիշտ հակառակը՝ այն միտված է նպաստելու խաղաղության օրակարգին, որի հարցում Ադրբեջանը նույնպես շատ անկեղծ է»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հարցազրույցում Չավուշօղլուն անդրադարձել է նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած բազմակողմ և երկկողմ հանդիպումներին։

Փաշինյան-Էրդողան հանդիպումը, Նրա խոսքով՝ անցել է «անկեղծ և բարեկամական միջավայրում»:

«Հայաստանի հետ օդային հաղորդակցություն ենք բացել, այլ աշխատանքներ կատարել, սահմանամերձ վայրերում կամուրջներ, անցակետեր կան, որոնք անհրաժեշտ են լինելու սահմանների բացման ժամանակ: Դրանք բոլոր պետք է նախապատրաստել: Հանդիպմանը այդ բոլոր հարցերն են քննարկվել, որն արդյունավետ էր»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Թուրքիա ԱԳ նախարարը նկատել է, որ Հայաստանի նկատմամբ «ճնշումներ են տեսնում»։ Հաղորդավարի դիտարկմանը, որ ճնշումը ակնառու էր Պրահայում Փաշինյանի դեմքի արտահայտություններում, Չավուշօղուն արձագանքել է․ «հեշտ չէ»։

***

Հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում ասվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Կողմերը հաստատել են, որ «դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»։

Մարտի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հինգ կետից բաղկացած առաջարկների փաթեթ։

Մեկնաբանել