ԿԺԴՀ-ն ազատականացվում է․ կանանց թույլատրել են հեծանիվ վարել

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) չեղյալ է հայտարարել կանոնը, որը կանանց արգելում էր հեծանիվ վարել քաղաքային շրջաններում, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

Կանոնը սահմանվել էր Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի կողմից և գործում էր 90-ականներից։ Համաձայն որոշ տվյալների՝ դրա սահմանման պատճառ էր դարձել բարձրաստիճան գեներալներից մեկի դստեր մահը․ նա հեծանիվ վարելիս ենթարկվել էր ավտովթարի Փհենյանի կենտրոնում։ Դեպքից հետո քաղաքում նաև ստեղծվել էին հատուկ հեծանվաուղիներ և կարգադրվել էր պարտադիր գրանցել հեծանիվները՝ դրամական տուգանքի սպառնալիքով։ Հեռուստատեսային ծրագրերում պարզաբանվում էր, որ շրջազգեստով հեծանիվ վարելը հակասում է սոցիալիստական հասարակության բարոյականությանը։

21-րդ դարում միշտ չէ, որ այս արգելքը գործում էր։ Սակայն երկրում պարբերաբար իրականացվում էին կանոնի կատարման ստուգումներ։

ԿԺԴՀ-ի բնակչությունը ողջունել է կանանց հեծանիվ վարելու թույլտվությունը։ Ինչպես հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները, երկրի նոր առաջնորդ Կիմ Չեն Ինի օրոք չեղյալ են հայտարարվել նաև այլ արգելքներ, մասնավորապես՝ ջինսեր, բարձրակրունկ կոշիկներ, ինչպես նաև ականջօղեր կրելու արգելքները։

Մեկնաբանել