Բրիտանացիները ժամանակավորապես արգելել են երկրից դուրս բերել Պիկասոյի կտավը

Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Էդ Վեյզին արգելել է երկրից դուրս բերել Պաբլո Պիկասոյի «Երեխան և աղավնին» նկարը, հաղորդում է BBC News-ը: Կտավը, որ 1974-ից ցուցադրվել է Բրիտանիայի մի շարք թանգարաններում, այս տարի վաճառվել է Christie’s աճուրդի ընթացքում: Գնորդը արտասահմանից է:

Արգելքը, որն ուժի մեջ է մինչև 2012թ. դեկտեմբերը, կապված է նրա հետ, որ կտավը պատմամշակութային մեծ նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի համար: Իշխանությունները հույս ունեն, որ բրիտանական թանգարանները կկարողանան մինչև տարեվերջ բավականաչափ գումար հայթայթել և գնել նկարը: Հայտնի չէ, թե որքան գումար է վճարել Պիկասոյի արտասահմանյան գնորդը, թեև ավելի վաղ հայտարարվել էր $80 մլն-ի մասին:

Մինչև 2012թ. դեկտեմբեր նկարը գնել ցանկանալու դեպքում արգելքը կարող է երկարաձգվել ևս կես տարով: Սակայն թանգարաններից մի քանիսի ղեկավարների կարծիքով` Պիկասոն չափազանց թանկ է, և նրանք դժվար կարողանան այն ձեռք բերել:

«Երեխան և աղավնին» կտավը բրիտանական մասնավոր հավաքածուներում է պահվում 1924-ից: 1947թ. այն ժառանգել է Քրիստաբել Էյբերկոնուեյը, որի մահից հետո ժառանգներից մեկն այն փոխանցել է Բրիտանիայի Ազգային պատկերասրահին: Այժմ կտավը ժամանակավորապես ցուցադրվում է Շոտլանդիայում:

«Երեխան և աղավնին» Պիկասոն վրձնել է 1901թ., երբ ընդամենը 19 տարեկան էր: Կտավը նկարչի «երկնագույն» շրջանի առաջին աշխատանքներից է համարվում:

Մեկնաբանել