Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ

Հայաստանում համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Աջակցել մեզ

«Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Հանրապետության բոլոր պոլիկլինիկաները ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով։ Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին»,- ասված է հաղորդագրությունում։

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը հորդորում է.

• պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ,

• խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,

• եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

• հագնվե´ք եղանակին համահունչ,

• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

• հետևե´ք անձնական հիգիենային։

Մեկնաբանել