Ալիևի ելույթը Շուշիում՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի հնարավոր սադրանքի նախերգա՞նք

Իլհամ Ալիևը ու Ադրբեջանի իշխող էլիտայի մի շարք ներկայացուցիչներ Նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշիում էին՝ մասնակցելու 44-օրյա պատերազմում իրենց հաղթանակի տոնակատարությանը: Ալիևը Շուշիում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Բովանդակային ու ոճաբանական առումով Ադրբեջանի նախագահի ելույթը քիչ էր տարբերվում նախորդներից, սակայն այս անգամ հնչել են կոնկրետ սպառնալիքներ, որոնք պետք է հաշվի առնել:

Իլհամ Ալիևի գլխավոր սպառնալիքը կապված էր Լաչինի միջանցքի հետ: Նա հերթական անգամ զուգահեռներ է անցկացրել Լաչինի միջանցքի ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև՝ հայտարարելով, որ Հայաստանը չի կատարում ստանձնած պարտավորությունները: Ալիևը, մասնավորապես, նշել է.

«Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է: Երկու տարի է՝ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որ ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»:

Ադրբեջանի նախագահը փաստացիորեն սպառնում է խոչընդոտներ ստեղծել Լաչինի միջանցքում, եթե Հայաստանը շարունակի դիմադրել միջանցքի կամ միջանցքային տրամաբանությամբ գործող ճանապարհի ստեղծմանը սեփական տարածքում: Ալիևի կողմից այս տիպի սպառնալիքներ նախկինում ևս հնչեցվել են: Ինչպես հայտնի է, Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին կապող ճանապարհի վրա պետք է գործեն նույն կարգավորումները, ինչպիսիք գործում են Լաչինի միջանցքում: Բաքուն վերջին ամիսների ընթացքում պարբերաբար սպառնում էր մաքսակետեր ու անցակետեր տեղադրել Լաչինի միջանցքում:

Այնուամենայնիվ, Ալիևի այս վերջին սպառնալիքը մյուսներից տարբերվում է նրանով, որ այն հնչել է վերջին շաբաթվա ընթացքում Լաչինի միջանցքի թեմայով Ադրբեջանում գեներացվող մեկ ուշագրավ նարատիվի ֆոնին: Նոյեմբերի 5-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ հայկական կողմը Լաչինի միջանցքը օգտագործում է ռազմական սպառազինություն և, մասնավորապես, ականներ տեղափոխելու համար: Բայրամովը նշել էր, որ միջանցքը չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով:

Այս նարատիվը ակտիվորեն տաարածվում էր նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքներով ու լրատվամիջոցներով: Նշվում էր, որ Լաչինի միջանցքով ռուսական խաղաղապահ առաքելության հումանիտար օգնության անվան տակ տարբեր տեսակի սպառազինություն է տեղափոխվում Արցախ՝ ներառյալ հակատանկային միջոցներ:

Այս ամենին զուգահեռ ադրբեջանական պաշտոնական ու իշխանամերձ լրատվամիջոցներում վերջին օրերի ընթացքում ակտիվ հակառուսական արշավ է մեկնարկել: Ադրբեջանցի պրոիշխանական քաղաքական մեկնաբաններն ու լրագրողները մեղադրում են Ռուսաստանին Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակելու, ինչպես նաև հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը կազմակերպելու մեջ:

Այս զարգացումները համադրելով Ալիևի կողմից Շուշիում հնչեցված սպառնալիքի հետ՝ կարելի է արձանագրել, որ Ադրբեջանը մոտ ապագայում կարող է սադրանքներ իրականացնել Լաչինի միջանցքում: Ինչպես տեսնում ենք, Բաքուն նմանատիպ գործողությունների համար տեղեկատվական ֆոն արդեն իսկ պատրաստել է:

Ադրբեջանը նմանատիպ սադրանքով կարող է նպատակ հետապնդել նաև հերթական անգամ շոշափել Ռուսաստանի կարմիր գծերը Արցախում: Ինչպես հայտնի է, Բաքվի ու Մոսկվայի միջև տարաձայնություններ գոյություն ունեն այսպես կոչված խաղաղության պայմանագրի օրակարգի շուրջ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սառեցնելու ռուսական մոտեցումը անընդունելի է Ադրբեջանի համար, ինչը հերթական անգամ արձանագրվեց հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքում: Լաչինի միջանցքում սադրանքներ իրականացնելով` Բաքուն կարող է փորձել կանխել այդ հարցում Ռուսաստանի կողմից սեփական մոտեցումները առաջ տանելու փորձերը՝ ցույց տալով, որ Մոսկվայի կարողությունները գետնի վրա սահմանափակ են:

Ադրբեջանի հնարավոր սադրանքները կանխելու կամ դրանց իրականացման գինը Բաքվի համար բարձրացնելու համար Երևանը պետք է զբաղվի կանխարգելիչ դիվանագիտությամբ և այս թեմայով ակտիվ աշխատանք կատարի բոլոր միջազգային գործընկերների հետ: Պրոակտիվ քաղաքականությունը այս պայմաններում այլընտրանք չունի: Առնվազն նարատիվների պատերազմում Հայաստանը և Արցախը պետք է կարողանան սեփական օրակարգը թելադրել, այլ ոչ թե մշտապես լինել արձագանքողի դերում:

Մեկնաբանել