Հայաստանում ռուսական «Միր» քարտը դեռ սպասարկվում է՝ չնայած պատժամիջոցների վտանգին

Հովհաննես Նազարեթյան, CivilNetCheck

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 15-ին հայտարարել էր, որ ռուսական «Միր» քարտեր սպասարկող ֆինանսական կառույցները կարող են ենթարկվել ամերիկյան պատժամիջոցների։

Նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում էր, որ ռուսական «Միր» քարտային համակարգի միջոցով կարող են գործարքներ իրականացնել պատժամիջոցների տակ հայտնված անձինք կամ հաստատություններ։ Հետևաբար, բոլոր այն օտարերկրյա ֆինանսական հաստատությունները, որոնք նոր պայմանագրեր կկնքեն կամ կընդլայնեն իրենց համագործակցությունը համակարգի հետ, ռիսկի են դիմում՝ աջակցելու Ռուսաստանին ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու գործում, և այպիսով իրենք էլ կարող են ենթարկվել պատժամիջոցների։

Այս հայտարարությունից հետո որոշ երկրներ, այդ թվում՝ Վիետնամը և Ղազախստանը, դադարեցրին «Միր» քարտերի սպասարկումը։ Թուրքական երեք պետական բանկեր ևս դադարեցրին քարտի սպասարկումը։ Նոյեմբերի սկզբի դրությամբ՝ Ղրղզստանի 23 բանկերից 9-ն արդեն չեն սպասարկում քարտը։

Արձագանքը Հայաստանում

Սեպտեմբերին մի շարք ռուսական լրատվականներ և հայաստանցի օգտատերեր գրեցին՝ իբր Հայաստանում դադարեցվել է «Միր» քարտերի սպասարկումը։

Իր հերթին Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարեց, որ հարցը բանկերի հայեցողությանն է թողնվում։

«ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պատշաճ կտեղեկացնեն հաճախորդներին»,- ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան փոխանցեցին ԿԲ-ից։

#CivilNetCheck-ը փորձեց պարզել՝ արդյոք ԱՄՆ-ի այս հայտարարությունից հետո հայաստանյան բանկերը ևս դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը և արդյո՞ք նախատեսում են առաջիկայում այդպիսի որոշում կայացնել։

Պարզվում է՝ Հայաստանի 17 առևտրային բանկերից երկուսը չեն սպասարկում «Միր» քարտերը։ Դրանք են՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը (HSBC) և իրանական «Մելլաթ Բանկ»-ը։ Վերջինս առհասարակ չի սպասարկում որևէ քարտ։

Ռուսական «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից տեղեկացրին, որ ամբողջությամբ սպասարկում և թողարկում են «Միր» քարտեր, որոնցից գումարը դրամով կարող է կանխիկացվել իրենց բանկոմատներում։

«Ամերիաբանկ»-ի զանգերի կենտրոնից տեղեկացրին, որ շարունակում են սպասարկել քարտերը, բացի այդ, բանկը թողարկում և սպասարկում է «Արքա-Միր» քարտեր, սակայն քարտի թողարկման հայտ ներկայացնելու համար պահանջվում են մի շարք փաստաթղթեր՝ Հայաստանի հետ կապը հաստատելու համար։

Նշենք, որ հայաստանյան «ԱրՔա» և ռուսական «Միր» վճարային համակարգերի համագործակցության արդյունքում 2017-ից ի վեր «ԱրՔա» քարտերը կարող են սպասարկվել Ռուսաստանում, իսկ «Միր» քարտերը՝ Հայաստանում («ԱրՔա» համակարգի ենթակառուցվածքում)։

Մնացած բանկերի («Ակբա», «Բիբլոս», «Հայբիզնես», «Էվոկա», «Կոնվերս», «Արարատ», «Արդշին», «Ինեկո», «ՀայԷկոնոմ», «ԱրցախԲանկ», «Յունի», «Արմսսվիս», «ԱյԴի» բանկերը) բանկոմատների միջոցով հնարավոր է «Միր» քարտից գումար կանխիկացնել։ Բանկերից որևէ մեկը հստակ որոշում չունի «Միր» քարտերի սպասարկումը առաջիկայում դադարեցնելու հարցում։

Մեկնաբանել