Ադրբեջանի զանգվածային սպառման ֆիլմերը մեր մասին

Խոսքը 2020-ից հետո նկարահանված ֆիլմերի մասին է։

Բնականաբար, համացանցում չէի որոնի «Planet parni iz Baku»-ն, որովհետև չէի կարող այդպիսի բան փնտրել։ Համակարգիչը ստեղնից ստեղն անցումով կարող է մարդուն բերել մի տեղ, որտեղից նախ՝ հետ գալն է դժվար, և երկրորդ՝ դու կամավոր երբեք չէիր հայտնվի այդտեղ։

Որքան հասկացա, ՈՒՀԱ (КВН)-ի ադրբեջանական թիմի հիման վրա ստեղծված ֆիլմարտադրող խումբ է։ Ես, ճիշտն ասած, ադրբեջանական կինոյի մի քանի հետաքրքիր արտադրանքի ծանոթ էի՝ Իբրահիմբեկով, Վագիֆ Մուստաֆաև, բայց՝ վաղուց, հին իրականության մեջ։

Պատերազմից հետո ինձ այս ոլորտը չէր կարող հետաքրքրել, այնինչ սխալ էր, պիտի հետաքրքրեր, որ նախ՝ պատահաբար չհայտնվես ամենաստորին սանդղակի վրա, որքան հասկացա, մնայուն տեղ զբաղեցրած կինոակումբի «արվեստի» տարածքում: Երկրորդ՝ հայտնվելուց հետո նորից չընկնես վաղնջական ութսունութի՝ հևիհև ճշմարտությունը աշխարհին բացատրել ուզող ուսանողի տագնապի մեջ։

Կարճ՝ այս «Planet parni iz Baku»-ն ֆիլմեր է ստեղծում։ Դրանցից մեկը Արցախյան պատերազմի մասին է։ Ասելիքս ֆիլմ, արվեստ, ժամանակակից կինոն և պատերազմը թեմային որևէ կերպ չի առնչվում։ Այս՝ նախկին ՈՒՀԱ-ի (КВН)-ի հիմքի վրա ստեղծված երևույթն արտադրում է զանգվածային դիտման արտադրանք։ Հետևաբար՝ նայում է զանգվածը, բոլորը կամ շատերը և անընդհատ կամ պարբերաբար։

Զանգվածների համար ստեղծված այս արտադրանքը չափից դուրս մատչելի է, այնքան մատչելի, որ մի պահ թվում է ներառական կինոյի հետ ես առնչվում, պատմում է ադրբեջանի հասարակությանը այն, ինչ ուզում է, ինչ ասում են, որ ուզի, ինչպես ուզում է, խախտելով տարրական ժամանակագրությունը, գաղափար չունենալով հայտնի մարդկանց միջանձնային հարաբերությունների մասին, աբսուրդի հասցնելով ժամանակագրությունն ու տարրական դեպքերը, իսկ մեծ իրադարձությունները մեկ նախադասությամբ դարձնելով ծաղր՝ մի վայրկյան չմտածելով սեփական արտադրանքի մրցունակության մասին։ Ամենայն հավանականությամբ պատվեր և փող է։ Բայց սա մեր մտահգությունը չէ։ Մեր մտահոգությունն այն է կամ այն պիտի լինի, որ այս «ճշմարտությունները» ադրբեջանցուն բետոնային ամրությամբ հրամցվել են և սոսկալի հաղթանակից հետո չեն դադարում հրամցվել։ Խնդիրն այն է, որ մենք այդպես էլ չենք պատկերացնում ադրբեջանական և մեր հասարակության հսկայական տարբերությունները թեմայի վերաբերյալ, նրանց՝ մի կենտրոնից սարսափելի միատարր դարձած ու կառավարելի լինելու աստիճանը և թեմայի հակառակ կողմում մենք՝ խաղաղության դարաշրջանի մեր ցերեկույթով։

Եվ այսպես, Բաքվի փոքրիկ արհեստանոցներից մեկում, եվրոպական դիմագծերով, բարեկիրթ, շիկահեր, հմայիչ ադրբեջանցի հերոսը հին սպասք է փայլեցնում, մտնում է մի տասներկու տարեկան տղա, արհեստավորը գումարը վերցնելիս չի հաշվում, տղան հարցնում է՝ ինչու երբեք չես հաշվում, հերոսը պատասխանում է՝ ինձ «հեչ վախտ» ոչ ոք չի խաբել։

Անցնենք առաջ։ Հերոսը վերհիշում է իր ամուսնության դրվագը հայուհու հետ։ Դեպքերը տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում նախքան ութսունութ թվականը։ Երկազգ սեղանի շուրջ նստած են ադրբեջանցի փեսայի և հայ հարսի հարազատները։ Փեսան ֆիլմի սկզբի եվրոպացու դիմագծերով, բարեկիրթ, հրաշալի մարդն է երիտասարդ ժամանակ։ Նույքան եվրոպական դիմագծերով, նույքան բարեկիրթ, հրաշալի, սպիտակամաշկ մարդ։ Հայ հարսանցուն թուխ, շեղ աչքերով աղջիկ է։ Բայց սա էլ ոչինչ, պատահում է նաև այդպես։

Հայ հարսնացուի հայրը բաժակաճառ է ասում։ Հա, հարսնացուի հայրն էլ լեռնցու կոշտ դեմքով, թավ բեղերով, ոսկի ատամներով գյուղացի մարդ է։ Փեսայի հարազատները էլի բացի վրա են։ Դա էլ ոչինչ։

Բաժակաճառը սկսվում է այսպես․ «Շատ վաղուց երբ իմ նախապապն իր ընտանիքով այլ ընտանիքների նման հայտնվեց Ղարաբաղում (ռուսերեն տարբերակում ասում է переселились՝ վերաբնակվեցին), Օրհանի նախապապը իր տանը մեզ ապաստան տվեց։ Այդպիսի արարքը մոռանալն անհնար է»։

Հետո, նորից արդեն մեր օրերն են՝ հերոսը մեծ տարիքում իր արհետսանոցում թեյ է խմում, իսկ հեռուստացույցով հաղորդում են Շուշիի գրավման մասին։ Նա սկսում է թերթել ընտանեկան ալբոմը։ Ասում է՝ երբ բարեկամները դավաճանում են, սոսակալի է։ Նորից գնում ենք ութսունութ թվական, որտեղ երեք րոպեի ընթացքում ութսունութ թվականի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի իրենց բակում հերոսի մտերիմ ընկերը, համադասարանցի հայ Արթուրը, որն արդեն երեսունն անց տղամարդ է, մտնում է բակ ու դանակով, ատրճանակով, նռնակով, մի խոսքով՝ ինչով հնարավոր է, սպանում հերոսի աներոջը, կնոջը, երեխաներին, վերջում նռնակով պայթեցում իր ընկերոջը, որը մեր հերոսն է։ Մինչ այդ արտասանում է թուլամիտ մարդու մի խիստ պատմագիտական տեքստ՝ «մենք էլ չենք ուզում ձեզ հետ ապրել»։ Հետո ձայնը չի լսվում։ Միայն հայ ընկերոջ խելագարի դիմագծերով դիմախաղից կարելի է ենթադրել, որ վատ բաներ է ասում։ Չմոռանամ ասել, որ երեսունն անց այս հայ տղամարդը Արթուրիկ (Առտուրիկ) էր կոչվում։ Իսկ փաղաքշականը, պարզվում է, մտերմությամբ ու միասին մեծանալով չէր պայմանավորված, որովհետև հետագայում այդպես են կոչվում բոլոր հայերը։

Հետո հերոսը Բաքվի իր արհեստանոցում նորից մտորումների մեջ է․ «Այսօր շատերն են վիճում՝ ով կրակեց առաջինը։ Իսկ ես հիշում եմ որտեղից հնչեց առաջին կրակոցը»։ Այստեղ «ֆիլմի» ընթացքում առաջին անգամ հետաքրքություն է առաջանում, ուզում ես լսել՝ որտեղից հնչեց առաջին կրակոցը։ Հերոսը պարզաբանում է․ «Այդ կրակոցը հնչեց ո´չ Հայաստանից, ո´չ էլ Ադրբեջանից»։ Այստեղ որպես հանդիսատես մի քիչ էլ ես եմ ակնկալում խելացի միտք․ «․․․այդ կրակոցը հնչեց Ֆրանսիայից՝ Փարիզից»։ Եթե անտանելի ծանր չլիներ թեման, կարելի էր էլի մարդ կանչել այս դրվագը միասին քրքիջի ենթարկելու համար, մանավանդ՝ հերոսի խորիմաստ դադարները ակնդրին հասցնում են համապատասխան վիճակի, բայց ցավը մեծ է, քրքիջ չկա։

Այնուամենայնիվ՝ Փարիզից․․․

Հաջորդ կադրում զավեշտը ինքն իրեն հրկիզում է․ երկտեղանոց անկողնու վրա պառկած է միայն վարտիքով Աբել Աղանբեկյանը՝ տապակած յուղոտ հավով ափսեն կրծքավանդակին, տասը մատով հավ է ուտում անկողնու մեջ, ինքը անհնար տհաճ դեմքով։ Հեռախոսը զանգում է, Աբել Աղանբեկյանը վերցնում ու ծամածռելով առանց այն էլ ծամածուռ դեմքը, ասում է՝ բոնժուղ։

«Իմ բոցաշունչ ելույթը Փարիզում բերում է իր պտուղները, ու ամեն կենդանի բան ոչնչացնում»։

Բոլորովին էական չէ, որ ֆիլմի ստեղծողները կա-վե-էն-ի վերջին տարիների բակինսկի կայֆիցենտով ֆիլմեր են նկարում, գրագիտության ահռելի բացթողումով։ Դա մեզ ոչնչով վնաս չէ, մեզ այլ բան է վնասում։

Հերոսը նորից մտորում է՝ այսօր շատերն ասում են՝ Սումգայիթից սկսվեց։ Սումգայիթում հայերը նոր-նոր էին իրենց ձեռքերը տաքացնում։

Հաջորդ կադրում 88-ի Սումգայիթն է, էկրանին՝ Էդվարդ Գրիգորյանը՝ զզվելի, մանկապիղծի դեմքով մի մարդ։ Զանգում են համար վեց բնակարանի դուռը։ Դուռը բացում է հայուհի Ռոզան, որը լավ ճանաչում է Էդիկին։ Էդիկն ու ընկերները ներս են մտնում ու սկսում ջարդել ու բռնաբարել։ «Կազմակերպել սեփական ժողովրդի ջարդը, որ պատերազմ սկսելու առիթ ունենաս»,- բարձրաձայն մտածում է հերոսը։

Հաջորդ դրվագը Աղանբեկյանի դրվագից պակաս թուլամիտ չէ․ Սիլվա Կապուտիկյանի բնակարանն է։ Կլոր սեղանի շուրջ հավաքված են տղամարդիկ և մի կին։ Կապուտիկյանը ձեռքով վերցնում է կրեմով տորթը, դնում իր ափսեի մեջ, ու հինգ մատերը լպստելուց հետո սկսում խոսել․ «Մեզ նացիոնալիստ են անվանում, բայց ինչ վատ բան կա դրա մեջ, մեր երակներում հոսում է մեծ հայկական կայսրության արյունը, հայերը պիտի ղեկավարեն աշխարհը»։

Ապա, Սիլվա Կապուտիկյանը ներկայացնում է սեղանի շուրջ համեստ նստած երկու երիտասարդի, ասելով՝ շուտով նրանք կղեկավարեն պատերազմը թուրքերի և մյուս ազգերի դեմ։ Երկու երիտասարդները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։

Հայ հերոսները հայերեն են խոսում, վատ, բայց՝ հայերեն։ Հետաքրքիր բացառությամբ միայն Սերժ Սարգսյանի դերակատարի հայերեն խոսքը չի համապատասխանում թարգմանության հետ։ Մասնավորապես, նրա «թշնամու հետ դաժան եմ լինելու» տեքստը այլ, ավելի չեզոք բան է թարգմանվում։ Դժվար է այսպիսի ինտելեկտուալ կայֆիցենտի պայմաններում հասկանալ այս նրբության իմաստը, ուստի՝ շարունակենք։ Հերոսը շարունակում է իր մտորումները այս վերջին երկուսի մասին․ «Այս երկու անմեղ կոմերիտական աշխատողները վերածվելու են արյունարբու դաշտային հրամանատարների»։

Այդ ընթացքում Կապուտիկյանի դերակատարը մաքրում է ականջը, ապա՝ քիթը, ցուցադրելով թանկ մատանիները։

Ապա, Զորի Բալայանը իր նոր գրած գրքից հատվածներ է կարդում ներկաների համար։

«Խաչատուրի հետ մտանք գրավված մի տուն, տասներեք տարեկան մի թուրքի մեխերով գամեցինք պատուհանին, որպեսզի երեխան չբղավի, Խաչատուրը նրա բերանի մեջ մտցրեց մոր կտրած կուրծքը։ Դանդաղ մոտենալով երախային՝ ես սկսեցի մաշկազերծ անել նրա գլխի, կրծքավանդակի, փորի մաշկը։ Նայեցի ժամացույցին՝ յոթ րոպե անց երեխան մեռավ արյունահոսությունից»։

Սցենարիստն ակնհայտորեն լատենտ մոլագարության խնդիր է քողարկում, բայց չի կարողանում։ Սա էլ մեր հոգսը չէ։

Այդ ամբողջ ընթացքում Կապուտիկյանը անբնական գոհունակ ժպիտով գլխով է անում։

«Հետո Խաչատուրը մասնատեց երեխայի մարմինն ու նետեց շներին։ Երեկոյան ևս երեք երեխայի այդպես արեցինք»։

Զանգվածային սպառման կինոն զանգվածը սպառում է, պարբերաբար սպառում է ու ամրացնում հեշտընկալելի աբսուրդը։ Կա՞ խաղաղվելու նշան այս տեքստերի ու պատկերների մեջ։ Զանգվածին նույնիսկ հանդարտվել չի առաջարկվում սոսկալի հաղթանակից հետո։

Հաջորդ դրվագում գլխավոր հերոսը, որը սայլակի մեջ է, գալիս է բանկ, իր հերթական փոխանցումն անելու ադրբեջանական բանակին։ Դուրս է գալիս բանկից, բոլորը տոնում են հաղթանակը, ու հերոսը գոռում է՝ «շնորհակալաություն, երկիր, շնորհակալություն, ժողովուրդ, շնորհակալություն, Ադրբեջան»։

Ադրբեջանցի հայտնի սցենարիստ և ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը, որը խնդիրներ ուներ իշխանությունների հետ, դեռ պատերազմից առաջ իր հարցազրույցներից մեկում ասում է բառացիորեն հետևյալը․ «․․․չորս միլիոն մարդ լքել է երկիրը, իրենցից մի բան ներկայացնող մարդկանց դուրս են շպրտում, իսկ նրանք, ովքեր մնացել են՝ աշխատանք չունեն, իսկ շատ ցածր ինտելեկտով մարդիկ շատ հեշտ բարձրանում են ամենավերին դիրքերը, ու դրանով է բացատրվում նախագահական ապարատի և նրան ծառայող մարդկանց կոշտ, կացնային, պրիմիտիվ աշխատանքը, սրանք մարդիկ են, որոնք կարող են առավելագույնը «управдом» լինել։ Մենք վրդովվում ենք, որ երկրի քսան տոկոսը բռնազավթել է հակառակորդը, բայց համակերպվում ենք, որ մնացած ութսուն տոկոսին տիրացել են ցածր ինտելեկտով մարդիկ, ու, չգիտես ինչու, սրա դեմ չենք պայքարում»։

Հիմա այդ քսան տոկոսը վերադարձված է, իսկ ութսունը, որի հետ մենք պիտի խաղաղվենք, սպառում են այս ֆիլմերը։

Ֆիլմն ունի երկրորդ մաս։ Այն նվիրված է պատերազմում զոհված լրագրողներին։

Շարունակությունը՝ հաջորդ նյութում։

Մեկնաբանել