Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների ստուգումները շարունակվում են՝ չնայած Արայիկ Հարությունյանի հավաստիացումներին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երթուղին տեղափոխվեց 2022-ի օգոստոսի 31-ին՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Չնայած նոր ճանապարհի կառուցման նախագիծը կողմերը պետք է երեք տարում համաձայնեցնեին, բայց փաստացի երթուղու փոփոխությունը կատարվեց 2022-ի օգոստոսի 31-ին հապճեպ՝ Ադրբեջանի ներկայացրած պահանջով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2022-ի հուլիսի 30-ին ԼՂՀ Ազգային ժողովում ելույթ ունենալիս անդրադարձել էր Լաչինի միջանցքում անցագրային ռեժիմին և հայտարարել, որ միջանցքի նոր երթուղում ռուս խաղաղապահների կողմից կատարվող ստուգումները պետք է վերացվեն։

Նախագահը վստահեցրել էր, որ բանակցություններ են ընթանում, և դրանցում Արցախի պարտադիր պահանջներից մեկը լինելու է, «որ այդ հատվածում որևէ ստուգում չկատարվի»՝ ոչ միայն տուրիզմի խթանման, այլև այլ պատճառներով։

Հատված Արայիկ Հարությունյանի ելույթից։ Աղբյուրը՝ ԱՀ ԱԺ պաշտոնական կայք

Ավելի վաղ՝ 2022-ի ապրիլի 13-ին, ԱԺ-ում թեմային անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դրա նախորդ օրը Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին ռուս խաղաղապահները Լաչինում թույլ չէին տվել մուտք գործել Արցախ։ Վարչապետը հայտարարել էր, որ եռակողմ հայտարարությամբ խաղաղապահների կողմից միջանցքում որևէ կարգի ստուգումների գործառույթ նախատեսված չէ։

«Այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը: Եվ ի դեպ՝ ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ Ազգային ժողովի պատգամվորների շարժն արգելելու կամ արգելափակելու..»,- ասել էր վարչապետ Փաշինյանը։

Խաղաղապահների կողմից ստուգումները և սահմանափակումները չեն դադարեցվել

Ներկայում, փաստացի, Լաչինի միջանցքի նոր երթուղու անցակետերում ռուս խաղաղապահները շարունակում են քաղաքացիների անցագրային ստուգումներ կատարել։ Վերջին երկու ամիսներին ՍիվիլՆեթի լրագրողները բազմիցս այցելել են Արցախ և արձանագրել, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում ստուգում են քաղաքացիների փաստաթղթերը։

Արցախի նախագահի աշխատակազմը #CivilNetCheck-ի գրավոր հարցին, թե ինչու են խաղաղապահները շարունակում ստուգումներ իրականացնել՝ Արցախի նախագահի ամիսներ առաջ արված հայտարարությանը հակառակ, պատասխանել է, որ դրանք իրականացվում են արդեն «հեշտացված ընթացակարգով»։

Թե ի՞նչն է ընթացակարգում հեշտացվել, նախագահականից չեն պարզաբանել, սակայն իրականում նախկինի համեմատ որևե բան չի փոխվել։ Ռուսաստանի խաղաղապահները շարունակում են նույն կերպ ստուգումներ իրականացնել՝ չնայած Արցախի և Հայաստանի ղեկավարների հայտարարություններին։

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ փաստացի շարունակում է արգելված մնալ, քանի որ ԼՂՀ իշխանությունները մերժում են զբոսաշրջիկների մուտքի արտոնագրերի տրամադրումը։

Ժամանակ առ ժամանակ խաղաղապահների կողմից կամայականորեն արգելվում է Հայաստանի քաղաքացիների մուտքը։ Բացի Հայաստանի ԱԺ պատգամավորներից, 2022-ի ընթացքում առանց բացատրության արգելվեց նաև մի քանի հայաստանյան լրագրողների մուտքը, որոնք հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ։

Մեկնաբանել