Թուրքիայի նախագահի խոսնակի խոսքը հայկական լրատվամիջոցներն աղավաղվել են

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ նոյեմբերի 29-ին հայտնեցին, թե Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է՝ «Հայաստանն ու Թուրքիան քննարկում են երկու երկրների քաղաքացիների՝ սահմանը հատելու հնարավորությունը»։

Հենց այս վերնագրով է Tert.am լրատվականը, հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը, հրապակում արել, որն արտատպել են operativ.am, past.am, slim.am և անգամ Արցախի պետական artsakhpress.am լրատվական կայքերը։

Հոդվածում արդեն անձնագրերի մասով նշվում է, թե Քալընը ասել է, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները քննարկում են տարբեր հարցեր, […], այդ թվում՝ անձնագրերով սահմանը հատելու հնարավորության։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզեց, որ հայկական լրատվամիջոցները աղավաղել են Իբրահիմ Քալընի խոսքերը։

Ինչ նկատի ուներ Էրդողանի խոսնակը

Իբրահիմ Քալընը նոյեմբերի 29-ին հարցազրույց է տվել թուրքական A Haber հեռուստատեսությանը, որում էլ անդրադարձել էր հայ-թուրքական բանակցություններին և որոշ մանրամասներ հայտնել։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը նշել է բանակցություններում դրական գործընթացների՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հնարավորության մասին։

«Եթե չեմ սխալվում, նոյեմբերի 1-ին, թե 2-ին սահմանին երկու պատվիրակությունների մասնակցությամբ [Հայաստանի և Թուրքիայի,- խմբ.] հանդիպում է կայացել, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական հարցեր: Դրանք վերաբերում են ցամաքային սահմանի հնարավոր բացմանը, դրա վերահսկմանը, կամուրջների, ճանապարհների, մաքսային գործունեությանը: Այս իմաստով կարող ենք ազատորեն ասել, որ դրական գործընթացներ են տեղի ունենում՝ երրորդ երկրի քաղաքացիների անցումը, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար [սահմանի բացումը՝ խմբ.] թույլատրելու թեմաները նույնպես այն հարցերն են, որոնք հնարավոր է՝ իրականացվեն մոտ ապագայում»,- ասել է Քալընը։

Տես ՍիվիլՆեթի՝ «Էրդողանի խոսնակը հայ-թուրքական գործընթացից մանրամասներ է ներկայացրել» հրապարակումը

Հենց այս հարցազրույցի մասին էր գրել «Անադոլու» գործակալությունը։ Վերջինիս հրապարակման մեջ, որին հղում են տվել հայկական լրատվամիջոցները, նույնպես «երկու երկրների քաղաքացիների» ձևակերպում չկա. դրանում միայն համառոտ նշվում է «անձնագրերով սահմանահատման հնարավորության» մասին։

Նշենք, որ խոսքը գնում է ցամաքային սահմանի մասին։ Հայաստանի և Թուրքայի օդային սահմանը ներկայում էլ է բաց երկու երկրների քաղաքացիների համար, կան ուղիղ չվերթներ։

Բանակցություններում երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման քննարկումների մասին դեռ 2022-ի հուլիսին հայտնել էր նաև Հայաստանի ԱԳՆ-ն։ Դիվանագիտական անձնագրով անձանց համար ցամաքային սահմանը բացելու՝ հայկական կողմի առաջարկի վերաբերյալ նախկինում հայտներ էր բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

Մեկնաբանել