Էրդողանի խոսնակը հայ-թուրքական գործընթացից մանրամասներ է ներկայացրել

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը դրական է որակել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը և խոսել առաջիկայում կամ մոտ հեռանկարում հնարավոր արդյունքների մասին:

«Եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի 1ին կամ 2-ին սահմանին երկու պատվիրակությունների մասնակցությամբ [Հայաստանի և Թուրքիայի] հանդիպում է կայացել, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական հարցեր: Դրանք վերաբերում են ցամաքային սահմանի հնարավոր բացմանը, դրա վերահսկմանը, կամուրջների, ճանապարհների, մաքսային գործունեությանը»,- ասել է Քալընը A Haber հեռուստատեսության հետ զրույցում՝ նշելով, որ այդ հարցերում կարելի է «ազատորեն խոսել դրական գործընթացերի մասին»:

Առաջիկայում հնարավոր քայլերի համատեքստում Քալընը նշել է նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հեռանկարը:

Իբրահիմ Քալընը շատ օգտակար է համարել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը Պրահայում՝ այն կարևորելով տեխնիկական հարցերի առնչությամբ հանձնարարականներ տալու առումով:

«Շատ կարևոր է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, պատերազմը անցյալում է, [ինչը նշանակում է], որ մտել ենք գործընթացի լուծման փուլ: 30 տարվա ընթացքում առաջին անգամ լուրջ հարցեր քննարկելու նպատակով ուղիղ հանդիպում է եղել Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների միջև»,- ասել է Քալընը՝ հավելելով որ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներն ու հատուկ ներկայացուցիչները շարունակում են պարբերական կապի մեջ լինել:

Քալընը ընդգծել է Ադրբեջանի հետ գործընթացը համաձայնեցնելու Անկարայի քայլերը:

«Չնայած օգոստոսին Հայաստանը դիմեց սադրանքի, և Ադրբեջանը դրան պատասխանեց, սակայն այժմ նորից բանակցությունների փուլ է մեկնարկել: Մենք միշտ հայկական կողմին նշում ենք, որ հետաքրքրված ենք Կովկասում կայուն խաղաղությամբ և ցանկանում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էլ առաջընթաց գրանցվի»:

Քալընի համոզմամբ՝ Ադրբեջանի հետ քայլերի համաձայնեցումը Անկարայի համար կարևոր է, քանի որ իրենք չեն ցանկանում «լուծել գլուխկոտրուկի միայն մի մասը, իսկ մյուսները մնան չլուծված»:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել