Հայաստանի Ազգային ժողովը 57 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանտիար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարությունը, ընդդիմությունը չմասնակցեց հայտարարության նախագծի քննարկմանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ «Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո։ Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը ԼՂ հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն»։
Խորհրդարանը հայտարարությամբ նաև ՌԴ-ին կոչ է անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։
Հայտարարությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արտահերթ նիստի մեկնարկում ասաց, որ իշխանության ներկայացրած օրակարգը համարժեք չէ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։
«Այն հայտարարությունը և մոտեցումները, որ դուք եք արտահայտում, որևէ կերպ ոչ միայն չի կանխում վերահաս վտանգը, այլև կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար։ Ձեր խմբակցության ներկայացրած համատեսքտը՝ հումանիտար աղետն է, սա միայն հումանիտար աղետի խնդիր չէ։ Փաստացի Հայաստանն ու Արցախը կանգնած են նոր պատերազմի շեմին, փաստացի Արցախը կանգնած է նոր ցեղասպանության շեմին։ Մենք չենք մասնակցելու քննարկմանը»,- ասաց Աբրահամյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ ՔՊ-ն մերժել է ընդդիմության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը և իր օրակարգով է արտահերթ նիստ անցկացնում։
«Մեր գնահատմամբ՝ այս հայտարարությունն ավելի լավ է չարվի, որովհետև սա ոչ միայն վնասում է Հայաստանին և Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Եթե այդպիսի հայտարարության անհրաժեշտություն կար, կարող էր դա անել ՔՊ կուսակցությունը, այլ ոչ թե ԱԺ անունից նման հայտարարություն ընդուներ։ Ելնելով այս իրավիճակից՝ մեր խմբակցությունը չի մասնակցի հարցի քվեարկությանը»,- հայտարարեց Մինասյանը։
«Քաղաքացիական պայմանգիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմության գործողությունները «քաղաքական կապրիզ» որակեց։ Ըստ նրա՝ հայտարարությամբ խորհրդարանը պետք է այնպիսի միջազգային ուղերձներ հղի աշխարհին, որը համահունչ կլինի Հայաստանի իրականացրած պաշտոնական արտաքին քաղաքականությանը։