Ռուբեն Վարդանյանը բարձրաձայնում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման անհրաժեշտության մասին 

«Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետեր տեղադրելու Բաքվի պահանջը ոչ մի դեպքում չի ընդունվելու»,- ասել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

Ֆեյսբուքի իր էջում Վարդանյանը տեղադրել է Շանթ հեռուստաընկերության հետ իր հարցազրույցը և գրել․

«Մենք ամեն ինչ անում ենք իրավիճակը հնարավորինս արագ հանգուցալուծելու համար, բայց մենք նաև հասկանում ենք, որ Արցախի շրջափակումը կարող է երկար տևել: Հենց այդ նպատակով մենք բարձրաձայնում ենք ստեղծված իրավիճակում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման անհրաժեշտության մասին՝ ակնկալելով տեսնել միջազգային հանրության ճնշումը Բաքվի վրա:

Ինչո՞ւ է Ադրբեջանը դիմում նման սադրանքի հենց հիմա: Բաքուն փորձում է քայլ առ քայլ հայաթափել Արցախը՝ սպառնալով մեր անվտանգությանը և հրաժարվելով ճանաչել Արցախի անկախությունը: Սա անընդունելի է: Ռուս խաղաղապահները պետք է ապահովեն ճանապարհի բացումը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների: Միայն դրանից հետո մենք պատրաստ ենք բանակցել, բայց Ադրբեջանի կողմից պարտադրված զիջումների չենք գնալու:

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետեր տեղադրելու Բաքվի պահանջը ոչ մի դեպքում չի ընդունվելու: Հետաքրքիր կլիներ նման բնապահպանական ցույց տեսնել նավթարդյունաբերությամբ զբաղվող Բաքվում, որտեղ լուրջ խնդիրներ ունեն օդի աղտոտվածության հետ»:

Մեկնաբանել