Պետք է աշխատել Լաչինի միջանցք ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ․ Փաշինյան

Պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցք ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։ Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը ՄԱԿ անվտանգության խորհրդում կարևորագույն քննարկում տեղի ունեցավ այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին։ Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ, Լաչինի միջանցք ՄԱԿ կամ ԵԱՀԿ, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Արցախում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների դեֆիցիտ է նկատվում։ Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են և կոպտորեն խախտում են ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը՝ այն է վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Իհարկե նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա»,- հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, և պատրաստ է ստորագրել այդ բովանդակության պայմանագիրը․ «Հույս ունեմ, Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»։

«ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման: Հայաստանը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել: Ասեմ, որ այդ առաջարկները ներառում են ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանի զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից»,- ասաց Փաշինյանը:

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 11-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել