Repat Armenia․ կարևոր կապօղակ՝ հայրենիքի և հայրենադարձների միջև

Repat Armenia-ն («Վերադարձ Հայաստան») արդեն 12 տարի է՝ աջակցում է հայրենադարձներին, ինչպես նաև Հայաստանում ապրող օտարերկրացիներին աշխատանք գտնելու, փաստաթղթեր ձևակերպելու, հասարակության մեջ ինտեգրվելու և այլ հարցերով։ Repat Armenia-ի ծրագրերի ղեկավար Մարիաննա Չոբանյանը պատմում է հիմնադրամի նպատակների, ռազմավարության ու գործունեության մասին: Մարիաննայի խոսքով՝ կազմակերպության՝ ինտեգրմանը միտված միջոցառումները, ինչպես նաև խորհրդատվական աջակցությունը, կազմակերպության կայքը և տրամադրվող այլ հնարավորությունները մեծ աջակցություն են հայրենադարձների, ինչպես նաև հայաստանաբնակ օտարերկրացիների համար:

«Իրավիճակով պայմանավորված՝ այժմ հատկապես ակտիվ են Ռուսաստանից եկած հայրենադարձները: Նրանցից ոմանք արդեն աշխատանք ունեն և մտադիր են մնալ այստեղ»,- ասում է Մարիաննան։

Նման հիմնադրամ ստեղծելու միտքը հայրենադարձներինն է եղել, նրանցից մեկն էլ հիմնադրամի այժմյան տնօրեն Վարդան Մարաշլյանն է։

«Կազմակերպության գլխավոր նպատակներից մեկը հայրենադարձներին օգնելն է աշխատանք գտնելու հարցում: Repat Armenia-ն տասը տարվա ընթացքում համագործակցել է տեղական տարբեր HR կազմակերպությունների հետ և արդեն մեկ տարի է, ինչ հատուկ համագործակցության շրջանակներում աշխատում է 8 18 Special Edition Consulting-ի հետ: Դիմորդներից շատերն աշխատում են հենց այդ ոլորտում»,- նշում է Մարիաննա Չոբանյանը:

Մարիաննա Չոբանյանը՝ աջից

Հայրենադարձների զբաղվածության հիմնական ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, օտար լեզուների կենտրոնները, մարքեթինգը, բանկային սեկտորը:

«Հիմա շատ պահանջված է SMM ոլորտը (սոցիալական մեդիայի կառավարում – խմբ․), Content writing-ը (բովանդակության ստեղծում – խմբ․): Եթե մենք զգում ենք, որ հայրենադարձը Հայաստանում չի գտնում աշխատանք, աջակցում ենք, որ դրսի համար աշխատի: Ֆրիլանս աշխատանքը հաճախ մեզ էլ է պետք գալիս և դիմում ենք նրանց` վճարելով կատարած աշխատանքի դիմաց»,- ասում է Մարիաննան։

Հայրենադարձներից մեկը Անտոնիոն է, որը Հայաստան է եկել 2021 թվականի նոյեմբերին: Նա հիշում է, որ այդ ժամանակ Հայաստանում առաջնահերթությունը հիմնականում տրվում էր ռուսներին և հայերին, հենց աշխատանք գտնելու հարցում էլ Repat Armenia-ն է օգնել նրան: «Այս առումով էլ ինձ շատ օգնեց Repat Armenia կազմակերպությունը, որ իմ սրտով աշխատանք գտնեմ և այն համապատասխանի իմ անհատականությանը»,- նշում է Անտոնիոն և շեշտում, որ հիմա լավ աշխատանք ունի: Ներկայում Best Way Electric ընկերության ծրագրի համակարգողն է:

Repat Armenia- ի գործունեության կարևոր ուղղություններից մեկը իրականացվող միջոցառումներն են, որոնց ժամանակ մարդիկ ծանոթանում են տարբեր համայնքներից եկող հայրենադարձների հետ՝ ստեղծելով կապեր և գտնելով աշխատանք։

Կազմակերպությունը փորձում է ամսական գոնե երեք տարբեր ձևաչափերի միջոցառումներ կազմակերպել։ Լինում են դեպքեր, երբ Հայաստան եկածին ծրագրի նախկին մասնակիցն է ապահովում աշխատանքով։

«Մենք փորձում ենք աջակցել հայրենադարձների ստեղծած բիզնեսներին, օրինակ՝ սրճարաններին, ռեստորաններին։ Մենք հենց այդտեղ ենք կազմակերպում մեր միջոցառումները»,- նկատում է ծրագրերի ղեկավարը։

Մյուս հայրենադարձը Մարատն է, որը եկել է Ռուսաստանից։ Նա չորս տարի աշխատել է ռուսաստանյան տիեզերագնացության ոլորտում, հետո որոշել է մի բան փոխել իր կյանքում, և նպատակներից մեկն էր՝ գալ հայրենիք։ Պատմում է, որ երբ ծրագրով եկել է Հայաստան, շարունակել է աշխատել այդ ոլորտում։ Մարատի ղեկավարը ևս հայրենադարձ է, եկել է Ամերիկայից, որպեսզի Հայաստանում տիեզերական ծրագրեր զարգացնի։ Այստեղ, ինչպես Ռուսաստանում, Repat Armenia-ի միջոցով դասախոսություններ է կարդացել տիեզերքի մասին։

«Ես դժվարություններ չեմ ունեցել, չնայած նրան, որ շատ լավ չեմ տիրապետում հայերենին, գրեթե ամեն ինչ հասկանում եմ։ Միակ խոչընդոտը վարձով բնակարանների թանկ լինելն է, այժմ հարազատներիս հետ եմ ապրում»,- ասում է Մարատը։

Պատմում է, որ Repat Armenia-ի շնորհիվ ստացել է տեղափոխվելու, ապահովագրության, փաստաթղթերի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները։

Մարիաննայի խոսքով՝ լիբանանահայերի համար Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ ծրագիր են իրականացրել, ունենալով շատ ինքնակենսագրականներ՝ օգտագործել են դրանք և մշակել ծրագիր լիբանանահայերի համար։ Ծրագրի շրջանակում 23 մասնակից Հայաստան գալու հնարավորություն է ունեցել։ Ծրագրում ներառված էին հայերենի դասընթացներ, ընդհանուր ինտեգրման փուլ, խորհրդատվություն ցանկացած խնդրով, ավիատոմսերի փոխհատուցում։ Նույն ձևաչափով ծրագիր է իրականացվել նաև Ռուսաստատի, Բելառուսի և Ուկրաինայի՝ արմատներով հայ մասնակիցների համար, որի շրջանակում 40 մասնակից է տեղափոխվել Հայաստան: Ներկայում ծրագիրը դադարեցված է։

Մարիամ Ստեփանյան, Անահիտ Սվարյան, Անի Ղումաշյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողներ