Հիվանդ երեխաների մուտքը դպրոցներ և մանկապարտեզներ կարգելվի

Դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար։ Միջոցառումն իրականացվում է համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով։

«Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ»,- ասված է ԿԳՄՍ հաղորդագրությունում։

3-12-րդ դասարանների աշակերտների ձմեռային արձակուրդն ավարտվել է և այսօրվանից՝ հունվարի 9-ից, նրանք հաճախում են դպրոց, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 22-ը ներառյալ:

Մեկնաբանել