Առողջապահության նախարարի հրամանի նենգափոխումից մինչև Հայաստանից «փախչող ներդրումներ». «Շաբաթվա ֆեյքերը»

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 9-ին ֆեյսբուքյան գրառում է արել՝ «Երեխաների հիվանդության պատմագրում այսուհետ սեռը կարող է նշվել «չճշտված». հերթական հարվածը ազգային դարպասներին» վերտառությամբ։

Խոսքը առողջապահության նախարարի՝ 2022-ի նոյեմբերին ընդունած N 74-Ն հրամանի մասին է, որով հաստատվել է «Երեխայի հիվանդության պատմագիրը» ձևը: Պատմագրի ձևի 21-րդ կետում, որտեղ պետք է լրացվի երեխայի սեռը, նախատեսվել է պատասխանի երեք տարբերակ՝ իգական, արական և չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)։

«Փաստորեն, հայրենի առողջապահական համակարգը որոշել է փոխել նախկինում հաստատված պատմագրի ձևը, որտեղ երեխայի սեռը բնութագրվում էր (1)□ իգական կամ (2) □ արական»,- գրել է Զոհրաբյանը՝ հայտարարելով, թե առաջին անգամ է, որ սեռը բնութագրվում է նաև չճշտված, և ահազանգել, թե այս իշխանությունը ոչ միայն ֆիզիկապես է մեզ ոչնչացնում, այլ՝ հոգեպես:

Մինչդեռ պարզվում է՝ առաջին անգամ չէ, որ իրավական ակտերում նման ձևակերպում է օգտագործվում։ Թեմային անդրադարձել են «Փաստերի ստուգման հարթակի» մեր գործընկերները։ #CivilNetCheck-ը ևս պարզաբանում է ստացել առողջապահության նախարարությունից։

Այսպես, ինչպես հայտնում են ԱՆ-ից, երեխայի հիվանդության պատմագրի ձևը, որն ուժի մեջ է մտել 2023-ի հունվարի 1-ից, նախատեսված է բացառապես բուժաշխատողների համար. «Եվ դրա 21-րդ կետում նշված երեխայի սեռին վերաբերող տողի «չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)» ձևակերպումը զուտ բժշկական նշանակություն ունի` նախատեսված նորածնային և կրծքի հասակի երեխաների համար»։

Նախարարությունից տեղեկացնում են, որ առկա են մի շարք ախտորոշումներ, որոնց դեպքում երեխայի ծննդի պահին հնարավոր չէ որոշել երեխայի սեռը` ելնելով արտաքին սեռական օրգանների տեսքից: Նման խնդրի կարող են հանգեցնել մի շարք ախտաբանություններ, օրինակ, մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիան, Թերների համախտանիշը, կեղծ հերմաֆրոդիտիզմը, բնածին զարգացման արատները, քրոմոսոմային անէուպլոդիաները և այլն: Այս դեպքերում պահանջվում են լրացուցիչ լաբորատոր-գործիքային քննություններ, այդ թվում` գենետիկական հետազոտություն (կարիոտիպի որոշում):

«Թեև նման բժշկական խնդիրներով երեխաները եզակի են, բայց կան, ուստի, վերջիններիս հիվանդանոցում գտնվելու, անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումը ստանալու ժամանակահատվածում նրանց սեռի վերաբերյալ ևս նշում պետք է լինի: Հետազոտությունների արդյունքում սեռը պարզ դառնալուց հետո միայն հնարավոր է պատմագրում լրացնել «արական» կամ «իգական» դաշտերը»,- մանրամասնում են նախարարությունից։

Ավելին, ըստ ԱՆ-ի՝ դեռ ԽՍՀՄ ժամանակներում գործող «Ծննդի մասին» բժշկական վկայականի քաղվածքում տղա և աղջիկ նշումներից բացի է եղել է չորոշված նշումը: 2009-ին հաստատված «Ծննդի մասին» բժշկական վկայականում», որը վերանայվել և վերահաստատվել է 2017-ին, կրկին նշվում է` «արական, իգական և չի որոշված»:

Այսպիսով, նախարարի հրամանում սեռի մասին նշման մասին որևէ նորարարություն չկա։ Փաստաբանների պալատի նախագահի ահազանգերը և հնչեցրած պնդումները մենք գնահատում են մոլորեցնող։

Անցնող շաբաթ հայկական լրատվամիջոցներում շրջանառվում էին հակասական տեղեկություններ՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալների վերաբերյալ։

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 11-ին «Ներդրողները փախչում են Հայաստանից. ծավալները նվազել են» վերնագրով հոդված է հրապարակել։ Դրանում հղում է արվում Վիճակագրական կոմիտեի 2022-ի հունվար-սեպտեմբերի տվյալներին և պնդում արվում օտարերկյա ներդրումների զգալի նվազման մասին։

Դրա նախորդ օրը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդումը հայտնել էր 2022-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աճի մասին։

Հատկանշական է, որ այս երկու հակասական եզրահանգումներով հրապարակումներում հղում է արվում Վիճկոմիտեի նույն ժամանակաշրջանի տվյալներին։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, որոշեց պարզել խառնաշփոթի պատճառը։

«Ժողովուրդը» հղում է անում ընդամենը ներդրումներին, «Լուրերը»՝ ուղղակի ներդրումներին

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Հայաստանից ներդրողների փախչելու մասին պնդման հիմքը 2022-ի հունվար-սեպտեմբերին կատարված օտարերկրյա «ընդամենը ներդրումների» հաշվեկշռի ցուցանիշն է, որը կազմել է 75,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակշրջանում արձանագրված 156,4 մլրդ դրամի դիմաց։

Թվում է, թե ներդրումներն իրոք կրկնակի նվազել են, մինչդեռ, իրականում, ներդրումների ծավալի իրական պատկերն արտացոլում է ոչ թե «ընդամենը ներդրումների» ցուցանիշը, այլ դրա մեջ մտնող «ուղղակի ներդրումների» ցուցանիշը։

«Ուղղակի ներդրումների զուտ հոսքը» ներդրողների կողմից բաժնետոմսերի ձեռքբերման և բաժնետերերին վճարված մարումների հաշվեկշիռն է։ Դրանում հաշվարկվում են 10% և ավելի բաժնետոմսերի գնումը։ 2022-ի առաջին ինը ամիսներին այն կազմել է 112,8 մլրդ դրամ, որը ավելի է նախորդող տարվա նույն շրջանում արձանագրված 88,9 մլրդ դրամից 26,8%-ով։

2022-ի հունվար-սեպտեմբերին գրանցված «ուղղակի ներդումների» ցուցանիշը առնվազն 2016-ից սկսած ամենաբարձր ցուցանիշն է։ Ամբողջ տարվա ցուցանիշները հասանելի կլինեն 2023-ի ապրիլին։

«Մոդեքս» խորհրդատվական ընկերություն հաշվարկների համաձայն՝ 2022-ի ինը ամիսների ընթացքում ստացվել է 708 մլն դոլար օտարերկրյա «ուղղակի ներդրում» (առանց ներդրողներին վճարված մարումների), որը ավելի է 2021-ի համապատասխան ժամանակաշրջանից մոտ 36,2%-ով։ Ներդրումների 67%-ը ստացվել է Ռուսաստանից։

«Ընդամենը ներդրումների» մեջ, որին հղում էր արել «Ժողովուրդ» օրաթերթը, «ուղղակի ներդրումներից» բացի, ներառված են «պորտֆելային» և «այլ ներդրումները»։ «Պորտֆելային ներդումները» մինչև 10% բաժնետոմսերի ձեռքբերումն է։ «Այլ ներդրումները», պարզ ասած, դրսից վերցված վարկերն ու պարտքերն են։

Ստացվում է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները, այսինքն ներդրողների գնած բաժնետոմսերը և փոխանցած ֆինանսական միջոցները նախորդ տարվա համեմատ աճել են, իսկա «այլ ներդրումների» ցուցանիշը բացասական է եղել։ Այդյունքում, նվազել է նաև «ընդամենը ներդրումները»։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե օտարերկյրա ներդրումները խիստ նվազել են, իսկ ներդրողները փախչում են Հայաստանից, չի համապատասխանում իրականությանը։

Մեկնաբանել