Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ, ասված է ԵՄ խորհրդի հայտարարությունում։
Նշվում է, որ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։
«Հայաստանում ԵՄ առաքելության ձևավորումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլի մեկնարկն է։ Եվրամիությունը կշարունակի աջակցել լարվածության նվազեցման ջանքերին։ ԵՄ-ն պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Ըստ հայտարարության՝ ԵՄ առաքելությունը նախնական լինելու է երկու տարի ժամկետով։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։
«Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը»,- Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։
Միրզոյանի խոսքով՝ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը։
We very much welcome the #EU‘s🇪🇺 decision to send a fully-fledged civilian mission to #Armenia🇦🇲. We will readily cooperate with the mission and support its activities.
This mission will contribute to the peace, stability and security of the region. pic.twitter.com/SEyf2WHL4Q— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) January 23, 2023
Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների միջև Պրահայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ 2022-ի հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում՝ Հայասատանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով տեղակայվել էր ԵՄ դիտորդական կարողության խումբ, որի նպատակ ուներ դիտարկել, վերլուծել և զեկուցել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության մանդատն ավարտվել էր դեկտեմերի 19-ին։ Առաքելության ավարտից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը խոսել էր Հայաստանում ԵՄ ավելի երկարաժամկետ առաքելություն ուղարկելու մտադրության մասին։