Քաղաքական և հանրային պատասխանատվություն․ նուրբ սահմանն ու դրա կոպիտ խախտումները

2019-ի խորհրդարանական լսումներից մեկի ժամանակ Ն․ Փաշինյանը աղքատության հաղթահարման թեմային անդրադառնալիս խոսքը թաթախեց hրանտմաթևոսյանական գրականության մեջ և լուսավորչական տոնով ասաց, որ աղքատությունը միայն տնտեսական երևույթ չէ, այն սոցիալ-հոգեբանական երևույթ է, այն նաև մարդու գլխում է։ Սա ինձ համար առաջին վատ ազդանշաններից մեկն էր։ Այսօր էլ այդ ելույթը դիտողներից կամ վերհիշողներից ոմանք կարող են տարակուսել՝ իսկ մարդն ի՞նչն է սխալ ասել, որ։ Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ ունենք «մտածելակերպի», «հոգեբանության», մի խոսքով՝ քաղաքական ազդեցությանը դժվար տրվող խնդիրներ։

Եվ իսկապես, «աղքատությունը մեր գլխում է» արտահայտությունը կարող է անել ցանկացած մեկը՝ խիստ որոշակի տեսության հարող հոգեբանը, սադրիչ հարցեր տվող լրագրողը, պարզապես բարձրաձայն մտորող քաղաքացին, «աղքատ գլուխը» քանդակող արվեստագետ, ինքը՝ աղքատ համարվող մարդը կամ թեկուզ՝ ունևոր մեկը, որ իր համոզմամբ հարստացել է բացառապես սեփական արժանիքների ու գլխում ամեն ինչ ճիշտ լինելու շնորհիվ։ Դա կարող են ասել փաստացի բոլորը, բացի՝ պաշտոնյայից, բացի պետությունը ներկայացնողից, բացի հենց աղքատությունը հաղթահարելու և մնացած խնդիրների կարգավորման գլխավոր պատասխանատվությունը կրողներից։

Փաշինյան-լրագրողը կարող էր ասել դա, Փաշինյան-վարչապետը՝ ոչ։

Կարևոր է ասողը և դիրքը՝ ասելիս։ Էլ չասած՝ ասելու դրդապատճառը։ Սրանից կախված է, ոչ ավել ոչ պակաս, ասվածի կեղծ կամ ճշմարիտ լինելը։ Իշխանավորի կողմից աղքատության պես շոշափելի, համակարգային խնդրի հոգեբանական մեկնաբանությունը ձեռնածություն էր՝ դատապարտված կեղծիք լինելու։ Ուրեմն, սա ավելին էր, քան պարզապես վիճելի պնդում հոգեբանական գործոնի մասին։ Տեղի էր ունեցել պատասխանատվության նենգափոխում, դրա սուբյեկտի շրջում՝ գործելակերպ, որ դեռ շատ էր դրսևորվելու։

Գանք ավելի մոտ և ավելի ծանր օրեր։ Պատերազմից ի վեր տասնյակ, հարյուրավոր սոսկալի մահեր բերող դեպքերի պատճառները (զինվորականների մահերը բազմապատկած սպայական (չ)որոշումներից մինչև հրդեհային անվտանգության կոնկրետ պատասխանատուների անգործություն) շռայլորեն, հավասարապես «ցրվում» են հասարակությունով մեկ։ Ամեն անգամ շատ արագ սկսում է շրջանառվել նույն «բոլորս ենք մեղավոր»-ը։ Արի ու տես, որ Ազատ գյուղի զորամասում 15 զինծառայող կլանած հրդեհի գերզգայուն դեպքին անդրադառնալիս էլ վարչապետը ոչ միայն չի փորձում ավելի զգույշ խոսել, այլ մեծացնում է դրույքները՝ հայտարարելով, որ սրանք ոչ թե մակերեսի, այլ խորը, «դնթ-ի մակարդակի խնդիրներ են»։ Փաստորեն, նա իրենից ու քաղաքականից է՛լ ավելի հեռու է տեղավորում խնդիրը, ոչ թե կիսափոփոխելի հոգեբանականում, այլ արդեն՝ անփոփոխ կենսաբանականում։ Մեզ պիտի որ սարսռեցներ այն հեշտությունը և ցինիզմը, որով այդպիսի հայտարարություն է արվում, բայց ընդամենը մի քանի մարդ (որոնց չեմ ճանաչում) պաստառներով դուրս եկան ասվածը խնդրականացնելու։ Գուցե, որովհետև, մարդկանց թվում է, որ դնթ-ի ալելներին կպցնելիս նա փոխաբերաբար նկատի ունի, թե ինչ բարդ խնդրի հետ պիտի միասին գործ ունենանք։ Բայց թույլ տվեք ասել՝ ոչ, նա բառացիորեն իրեն առավելագույնս հեռացնում է այդ խնդրից։

Ասողից և նրա դիրքից բացի՝ կարևոր է նաև, թե ե՛րբ է հնչեցվում այս կամ այն բանը։ Եթե անվտանգային վարքի արմատացած արատների մասին պաշտոնյան խոսի հրավիրված մասնագետների հետ քննարկման ժամանակ, ասենք՝ կանխարգելման և պաշտպանունակությունը մեծացնելու թեմայի շրջանակում և ոչ թե՝ մենախոսելով և աղետին ի պատասխան, ապա թույլատրելի կլինեն նաև նման թունդ, անգրագետ արտահայտություններ։ Դրանց հակադարձելու հնարավորություն կլինի բանավեճի ժամանակ։ Բայց ե՞րբ ենք մենք,- իսկ պաշտոնյաները՝ մեզնից է՛լ ավելի մոտիվացված,- հիշում վարքաբանական պատճառների մասին․ հենց դեպքերին ի պատասխան։

Ինքնաքննադատ քաղաքացու համար սա ծուղակ է․ սա պետք է իր պաշտոնեական պատասխանատվությունը մեղմել փորձողին, բայց ոչ՝ խորքային խնդիրները հասկանալ փորձող քաղաքացուն։ Մենք ցանկացած պահի կարող ենք զբաղվել ինքնաքննադատությամբ, բայց ոչ՝ ի պատասխան կոնկրետ, դեռ չհետաքննված պատճառներով ունեցած պատահարի և ո՛չ՝ իշխանավորի՝ հմտորեն մեզ գլորած փոխանցումով։

Շատերը չեն նկատում, թե ինչպես են իրենց հույզերն ու դատողությունները շահարկվում։

Տարիներ շարունակ դիտարկում եմ անվտանգային վարքի լրջագույն խնդիրներ բոլոր ոլորտներում, բոլոր սերունդներում։ Նաև լուսանկարում եմ այդ իրավիճակները։ Ամիսներ առաջ՝ օրվա թեժ ժամի, Երևանի կենտրոնական փողոցներից մեկում՝ հենց կանգառում, տասնյակ մարդկանցից, այդ թվում՝ երեխաներից ընդամենը կես մետր այն կողմ, առանց պաշտպանիչ ակնոցի ու կողքինների վրա անգամ նայելու տարեց մի բանվոր եկավ ու սկսեց էլեկտրական գործիքով մետաղական ինչ-որ մաս կտրել կանգառում։ Ցայտող կայծերն ու անտանելի աղմուկը՝ ուղիղ մարդկանց մեջ։ Թե սա ի՞նչ խզվածք է՝ կողքինի գոյությունը նկատելու անկարողություն, առանձին հարց է։ Բայց առնվազն աչքի էր զարնում թե՛ լիակատար անտարբերությունն իր և կողքինների անվտանգության նկատմամբ, թե՛ անվտանգության հետ կապ ունեցող որևէ գործիքի բացակայությունը։ Գործիքի աղմուկը չհաշված՝ լիակատար լռություն էր․ ոչ ոք, այդ թվում՝ ես, որևէ բան չասացինք։

Այսպիսի վարքն ամեն քայլափոխի է՝ երթևեկությունից մինչև դասասենյակներ։ Փոքր ու ահռելի հետևանքներով։ Քանի՞սն են իմացել վերջերս տեղի ունեցած ողբերգությունը, երբ Բաղրամյան գյուղի դպրոցներից մեկում մայրը՝ դպրոցի ծնող, դասասենյակի պատուհանը (ինչո՞ւ) մաքրելիս ընկել էր հետը տարած սեփական երկու տարեկան երեխայի վրա․․․ (ի դեպ, բոլորը կարող են և անգամ պարտավոր են այս ողբերգության մեջ առաջին հերթին տեսնել հանրային հարաբերությունների և կրթության համակարգային խնդիրներ․ բոլորը, բացի թերևս այդ կնոջից)։

Այն, որ անվտանգային վարքը մեզանում արդեն մերթընդմերթ իջնում է ինքնապահպանման շեմից, անհնար է չնկատել։ Այս հարցերի մասին գրելիս, բնականաբար, պիտի ուշադրությունս հրավիրեմ հոգեբանական կողմերի վրա։ Բայց ո՛չ երբ պետական պաշտոնյա եմ, որի դեպքում ընդամենը պիտի աջակցեմ հետազոտություններին, խորհրդակցեմ մասնագետների հետ՝ դրանց տվյալները հասկանալու և քաղաքականություններում արդյունավետ օգտագործելու համար։

Մեզ մոտ ավելի հաճախ հանրային ինտելեկտուալների մեկնաբանությունները շրջվում են նույն հանրության դեմ և ոչ՝ նրան օգնելու համար։ «Մինչև մեր ներսում չփոխվի, համակարգում չի փոխվի»-ն ասողների մեծ մասն, անշուշտ, սրտացավ մարդիկ են, որոնք այնքան են միայնակ թողնված իրենց տագնապներում, որ մանտրայի նման կրկնում են դաշտ նետված ճշմարտանման բաներ։ Փաստացի, մարդիկ օրվա իշխանության մեղավորությունը մեղմելու գործն ակամա վերցնում են իրենց վրա՝ մոռանալով, որ ներսում փոխելու պայմաններ, ուղերձներ, պահանջներ, հնարավորություններ, ֆինանսավորում, ծրագրեր կազմակերպելը կամ գոնե՝ «ներքևից» եկած ազդակներին ունկնդիր լինելը հենց քաղաքական դաշտում է։

Օրինակ, ինչպե՞ս եք պատկերացնում ամեն մեկի՝ իր տեղում փոխվելը, եթե անգամ ուղերձ չկա՝ եկեք միասին փորձենք փոխվել, իսկ փոխարենը հնչում է «դուք փոխվողը չեք», եթե ավելի ձեռնտու է պատճառները մարդու գեների մեջ խցկելը։

Հանկարծակի փայլատակմա՞մբ պիտի մարդը՝ լավ կամ վատ արված իր աշխատանքից հետո, իր առօրյա իներցիաների մեջ, հասկանա, որ պիտի փոխվի ու միանգամից նաև կռահի դրա կոնկրետ քայլերը։ Օրինակ, վերը նկարագրածս վարպետը ո՞ր պահին պիտի ընդհատի իր՝ ինչպես միշտ անփույթ արված գործն ու ասի․ «Բավական է, պիտի լրիվ փոխվեմ»։ Կամ ինչպե՞ս դա պիտի ավելի ազդեցիկ օրինակ լինի կողքինի համար, քան կոնկրետ վթարի, ողբերգության պատասխանատուների բացահայտման և պատժման տեսանելի, արժանահավատ պրոցեսը, որով արժեքների և իրավունքի մակարդակներում կհռչակվեր նման գործելակերպի անթույլատրելիությունը։ Կամ անձամբ ես բանակի վիճակի վրա ինչպե՞ս կարող եմ ավելի շատ ազդել, քան արդեն ազդում եմ՝ հարկվելով ու դեռ վրադիր դրոշմանիշային վճարով։

Ինչպե՞ս կարող է ոլորտի համար հարկ տվողը ավելի մեղավոր լինել, քան ոլորտի բարեկարգման նպատակով այն հարկադրաբար հավաքողը։

Բարձր ամբիոններից հրամցվող «գիտելիքը» ոչ թե գործող իրականությունը շտկելու, այլ՝ դրանով ծածկվելու համար է։ Ավելին, այն զազրելի է ոչ միայն մեղավորությունն իր վրայից գցելու նպատակով, այլև անհատին առաջարկվող հետևությամբ․ դու և քո հավաքականությունը վա՛տն եք, ու դա հազիվ թե փոխվի։

Այսպիսով, երբ քաղաքական և բարոյական պատասխանատուները խոսում են աղետների «ներքին պատճառների» մասին, երբ բարոյական ու քաղաքական իմպերատիվը փոխարինվում է սիրողական վերլուծությամբ, այդ սոցիալական գիտելիքը դառնում է կատարյալ սուտ։

Որովհետև օգտագործվում է ստելու համար։

Որովհետև չկա ճշմարտության ավելի մեծ թշնամի, քան ճշմարտանմանությունն է։

Ուստի սարսափների հանգեցնող վթարները շարունակելու են տեղի ունենալ ոչ միայն ու ոչ այնքան այն պատճառով, որ համակարգն արատավոր է, այլ որ դրա՝ արատավոր լինելն ու այդպիսին հայտարարելը կենսապայման և հնարավորություն է՝ պաշտոնավարումը շարունակելու համար։ Զգայուն դեպքերին իրենց արձագանքում դրսևորված անպատասխանատվությամբ, հարմարավետ «հեռացվածությամբ» իշխանավորները իրե՛նք մարմնավորում են այն, ինչը համարձակվում են քննադատել։

Երբ չի ստ-անձն-վում պատասխանատվություն և կոնկրետ չի պատժվում հանցանքը, մեղքը ցրվում է բոլորի միջև։

Սակայն բոլորի (թեկուզ նաև ինքդ քո) մեղավորությունն ընդունելու հիմքում նույն լղոզումն է, չդասակարգումը, որից սերել են ու դեռ կսերեն անփութության հիմքով հանցանքներ։ Որտեղ չեն լինի կոնկրետ պատասխանատուներ, որովհետև «էս ենք»։

Մեղսակցության զգացումը գործողություն չի ենթադրում, այն դառնում է չմարվող պարտքի պես բան հուզական մակարդակում, խիղճ, որով մարդն ուղղակի խայթում է ինքն իրեն։ Ուստի այն փակում է նաև իրական քաղաքացիական պաասխանատվության և գործողության ճանապարհը՝ չնայած վերջինիս շատ նման է հնչում։

Բայց գուցե իշխանություն-հանրություն այս հարաբերությունները փոխշահավետ են, և ինչ-ինչ պատճառներով անհատապես ձեռնտու է այս «բոլորս-այսինքն-ոչ-ոք» դասավորությունը։ Գուցե մենք հանդուրժում ենք պաշտոնական լղոզումը, որովհետև թերացումների և զանցանքների համար պատասխանատվությունից խուսափելը շատերիս ծանոթ ու հարմար առօրյա բան է այս փոքր ու փոխհյուսված, իրար բարեկամ ու ծանոթ երկրում, որտեղ մարդիկ ամեն գնով իրենց, իրենց մտերիմի ու հարազատի մեծ ու փոքր սխալը կսվաղեն, կգցեն կողքինի կամ հավաքական «մենթալիտետի» վրա։ Գուցե անհատական ու հավաքական արատները սնվում են միմյանցով ու պայմանավորում իրար։ Եվ գուցե այդ պատճառով է, որ իշխանավորին դժվար չէ ընդհանրական մեղքի զգացում ներշնչել․ դրա նախադրյալներն արդեն կան։

Ցանկացած դեպքում պետք է թոթափել կոլեկտիվ մեղավորության զգացումը․ բացի իշխանական հռետորաբանության հիմնավորում դառնալուց, այն նաև փոխարինում է հանրային պատասխանատվության դաշտը։ Դժվար է հասկանալ, թե որն է այդ պատասխանատվության սահմանը, սակայն այն առնվազն սկսվում է քաղաքական պատասխանատվության, հաշվետվողականության հանրային պահանջով։

Պետք է փոխել ոչ թե ինքներս մեզ, այլ մեր հարաբերությունները, առաջին հերթին՝ իշխանության հետ։

Եվ իշխանությունը չէ, որ կցանկանա դա անել։ Այս պահին նրան բնավ չի խանգարում հասարակություն՝ կազմված անդամներից, որոնք իրենց վատն են համարում ու «դեռևս»՝ անարժան լավին։

Մինչդեռ այդքան քննադատվող անվտանգային ոլորտի կարևոր բաղադրիչներից մեկը հոգեբանական անվտանգությունն է, իսկ դրա բաղկացուցիչներից մեկն էլ, վստահաբար, ինքնագնահատականի խոցելի չլինելն է բացասական ներշնչանքների։ Եվ սրա մասին առանձին էլ արժե խոսել։

Մեկնաբանել