Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը․ Արդարադատության միջազգային դատարան

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշեց Ադրբեջանին պարտավորեցնել, «նախքան գործով վերջնական որոշման կայացումը, ձեռնարկել բոլոր գործողությունները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների տեղաշարժը Լաչինի միջոցքի երկայնքով՝ երկու ուղղություններով»։

Դատարանը նաև անդրադարձավ գազի ու էլեկտրաէներգիայի խափանման խնդրին։ Այս մասով դատարանը պնդեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել՝ հիմնավորելու, որ հենց Ադրբեջանն է խափանում գազն ու էլեկտրաէներգիան, ուստի այս միջոցը կիրառման ենթակա չհամարեց։

Մինչ այդ նախագահող դատավորն ասաց, որ ժամանակավոր միջոցներ կիրառելու համատեքստում դատարանը քննության է առնում, թե արդյոք գանգատաբերի, տվյալ դեպքում Հայաստանի ներկայացրած իրավունքները իրագործելի են։

«Դատարանը իրագործելի է համարում առնվազն որոշ իրավունքներ, որոնք Հայաստանը պնդում է, թե խախտվել են, մասնավորապես Լաչինի միջանցքի տեղաշարժի ընդհատման առումով»։

Հաջորդ հարցը, ըստ դատարանի, հետևյալն է՝ կա՞ արդյոք որոշակի կապ Հայաստանի հայցած իրավունքների և պահանջվող ժամանակավոր միջոցների միջև։ Դատարանը գտավ, որ նման կապ գոյություն ունի Հայաստանի պահանջած այն միջոցի հետ, որի նպատակն է պարտադրել, որ Ադրբեջանը ապահովի անխափան տեղաշարժը անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների համար։

«Դատարանը երզարակցրել է, որ կա իրական կամ վրահաս ռիսկ, որ կառաջանան անուղղելի վնասներ։ Եզրակացնում է, որ ժամանակավոր միջոցներ կիրառելու պայմանները առկա են»։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ դատարանը արձանագրեց, որ Լաչինի միջանցքը պետք է ապահովի կապը ԼՂ-ի ու Հայաստանի միջև, այն վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Հատուկ շեշտվեց նաև հատվածը, ըստ որի՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Այս ամենից հետո եզրակացրեց, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցներն այդ իրավունքի ապահովման համար՝ նախքան այս գործով վերջանական որոշման կայացնումը։

Հայաստանը դատարանին նաև խնդրել էր միջոցներ կիրառել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այսպես կոչված «էկոակտիվիստների» բողոքի ցույցերը։ Դտարանն այս մասով գտավ, որ ժամանակավոր միջոցը հիմնավորված չէ կիրառել։

***

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի նիստում քննարկվում է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցը: Հայկական կողմը պահանջում էր ապահովել միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ Իսկ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի նիստում քննարկվում է «ադրբեջանական տարածքների ականապատման» հարցը:

Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 50-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել