Ռուբեն Վարդանյան. եկավ, տեսավ․․․ չհասկացանք

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Իմ կարծիքով՝ պատկերը հետևյալն է. ամեն դեպքում Ռուբեն Վարդանյանի պետնախարարի պաշտոնիցից ազատումը կապվելու է Ադրբեջանի ճնշման հետ: Բայց գրեթե ամբողջությամբ անտեսվելու է ներարցախյան դժգոհությունը (ներարցախյան գործոնը միշտ էլ անտեսվել է հայաստանյան մամուլում, Արցախում տեղի ունեցող զարգացումները կապել են հակամարտության ու պատերազմի, իսկ հիմա՝ Բաքվի ռեժիմի հետ): Դա և՛ էլիտաների (ի վերջո, Վիտալի Բալասանյանը Արցախի վերջին գործիչներից չէ) դժգոհությունն է, և՛ այն անձանց, որոնք որոշակի հույսեր էին կապում Վարդանյանի հետ, բայց հիասթափվել են նրա նշանակումներից ու որոշումներից: Վարդանյանը կարծես ավելի շատ զբաղված էր քաղաքական հենարանի ստեղծմամբ ու քաղաքական հայտարարություններով, քան արդյունավետ թիմ կառուցելով:

Բայց Վարդանյանը կողմնակիցներ ունի: Իսկ Հարությունյանի կողմնակիցները, ի դեպ, ոչ մի կերպ չեն ցանկանում խոստովանել, որ նրա նշանակման համար առաջին պատասխանատուն հենց իրենց առաջնորդն է:

Ինձ հուզող գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչու է Հարությունյանի նման փորձված խաղացողը այդքան շատ լիազորություններ տվել Վարդանյանին: Ինչի՞ արդյունքում է նման որոշում կայացվել: Որոշակի բեռից ազատվելու և պատասխանատվությունը կիսելո՞ւ համար: Թե՞ որոշակի ճնշում կար Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի և Վարդանյանի այլ ընկերների կողմից: Հարությունյանը վերջերս տեղի ունեցած փակ հանդիպմանն ասաց, որ Վարդանյանի նշանակմամբ հույս ունեին դրսից գումարներ բերել, այն էլ չհաջողվեց, քանի որ ճանապարհը փակվել է (այդ հանդիպմանը նա որևէ թթու խոսք չասաց Վարդանյանի հասցեին):

Հակված չեմ ընդունել պնդումները, որ Վարդանյանի նշանակումը համաձայնաեցված չէր Ռուսաստանի հետ: Վարդանյանի նշանակման մասին խոսակցությունները վաղուց էին տարածվել, անգամ նախքան նրա Արցախ տեղափոխվելու մասին հայտարարությունը։ Երևի դրսի հետ ինչ-որ հարցեր հարթեցնելու հետ կապված էր նշանակման ձգձգումը:

Վարդանյանը երևանյան իշխանությանն էլ դուր չի գալիս: Արցախցի պատգամավորները ավելի սուր են քննադատում Փաշինյանին, քան Վարդանյանը, բայց այստեղ տրամաչափերի հարց կա: Պետք է հաշվի առնել նաև, որ Փաշինյանի համար Վարդանյանը անմիջական մրցակից է ի դեմս «Ապրելու երկիր» կուսակցության (Վարդանյանի համար, ըստ իս, արցախյան գործունեությունը պիտի ծառայեր որպես քաղաքական ցատկահարթակ Հայաստանում գործունեությունը շարունակելու համար):

Նոր պետնախարարի թեկնածուները

Նոր պետնախարարի թեկնածուների թվում նշվում է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի անունը: Նրան գլխավոր դատախազ են ընտրել 44-օրյայի պարտությունից հետո, երբ կառուցվում էր, այսպես ասած, ազգային համաձայնության կառավարություն:

Ներսիսյանի կառավարությունն արդյոք ավելի որակյա՞լ կլինի, քան Վարդանյանինը: Դժվար է գնահատել Արցախի պատմության մեջ ամենաերիտասարդ գլխավոր դատախազի կառավարչական հմտությունները: Ակնհայտ է, որ Ներսիսյանը կոնսենսուսային տարբերակ է թե՛ ներսի համար, թե՛ Երևանի (ու թերևս՝ Բաքվի, քանի որ «Գուրգեն Ներսիսյանը Արցախում է ծնվել»):

Փետրվարի 21-ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից պարզ դարձավ, որ պետնախարարի պաշտոնին հավակնում է նաև Արցախի երկրորդ ուժի ղեկավար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Վերջինս պետնախարարի պաշտոնում իրեն տեսնում է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի լիազորություններով, այլև ինը նախարարություններին գումարած՝ ուժային կառույցները: Լրագրողի հարցին, թե ինչ է մնալու նախագահի ձեռքին, Բաբայանն ասաց՝ ստորագրությունը, որով կարող է իրեն ազատել պաշտոնից:

Կակածելի է, որ Հարությունյանը երկրորդ անգամ մտնի նույն գետի մեջ: Բաբայանը ավելի վտանգավոր մրցակից է թվում, քան Վարդանյանը: Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ Բաքուն էլ դեր ունի Արցախի պետնախարարի նշանակման հարցում, դժվար թե Բաբայանը շատ ավելի ընդունելի դեմք լինի, քան Վարդանյանը:

Ի՞նչ է շահելու Արցախը այս ամենից

Ի՞նչ է շահելու Արցախը այս ամենից: Մեկ անգամ ևս խաթարվելու է Արցախի կառավարության գործունեությունը նախքան ձևավորվելը, և երաշխիք չկա, որ ապագա կառավարությունը ավելի լավն է լինելու, քան ներկայինը:

Էլ ավելի է մեծանալու իշախանությունների նկատմամբ անվստահությունը: Հարությունյանն ինչքան էլ փորձում է անկեղծ լինել, միևնույն է, հասարակությունը թերահավատությամբ է ընդունում նրա խոսքերը: Հետո հասարակության պառակտումն է մեծանալու, ինչքան էլ Հարությունյանը հակառակը չցանկանա (Սահմանադրության փոփոխության հետկանչումը նա բացատրեց նրանով, որ թույլ չի տա հասարակության պառակտում, քանի որ նախագիծը ոչ բոլորի համար է ընդունելի):

Տարբեր ուժերի կողմից հովանավորվող հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տարածելու են այն թեզը, թե Բաքուն է Ստեփանակերտին օրակարգ թելադրում: Նման դեպքերում քաղաքական մի շարք ուժեր կորցնում են խիղճը:

Ամենագլխավորը՝ Վարդանյանը աջակիցներ ունի, նրա՝ պաշտոնից ազատումը Արցախում ավելի է խորացնելու հիասթափությունը գալիք օրվա նկատմամբ:

Վարդանյանի պաշտոնանկությունը նրա համար կլինի լիակատար ձախողո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, դա նրան լիցք կտա երևանյան պայքարում: Այս հարցի պատասխանը դեռ չկա:

Ներարցախյան այս զարգացումները երևի անչափ հետաքրիր են քաղաքագետների և որոշ հետազոտողների համար, բայց ոչ Արցախում բնակվողի համար: Հիշեցնեմ՝ այսօր Արցախի շրջափակման 74-րդ օրն է:

Հ. Գ.

Թերևս այս սյունակում չպատասխանեցի, թե ում կամքով է հեռանալու Վարդանյանը: Պարզապես փաստն այն է, որ բուն Արցախում էլ կա դժգոհություն Վարդանյանից: Եթե պետնախարարը լիներ ոչ Վարդանյանի նման հայտնի մարդ, դժվար թե նրա հեռացումը այդքան շատ կապվեր Բաքվի անվան հետ:

Մյուս կողմից էլ զարմանալի է, թե ինչու են ոմանք զարմանում, որ Բաքուն նման հարցերում իրոք կարող է ճնշում գործադրել Ստեփանակերտի վրա, երբ Արցախ մտնող գազամուղը ու բաձրավոլտ էլեկտրագիծը իր կողմից վերահսկվող տարածքով են անցնում (կներեք պարզագույն օրինակ բերելու համար): Բացի այդ, Աղավնոյի ու Բերձորի շուտափույթ հանձնումը ևս կապված է Բաքվի ճնշման հետ: Ինչպես հիշում եք, նախքան հանձնումը, անցած տարի օգոստոսին Ադրբեջանը կրկին «Բայրաքթար» բարձրացրեց օդ, ինչի արդյունքում ունեցանք երկու զոհ և 19 վիրավոր: Նման «ամորձատված» Արցախին Ադրբեջանը ճնշելու բազմաթիվ գործիքներ ունի:

Սակայն մյուս հարցն էլ է տեղին՝ մինչև ե՞րբ ենք զիջելու:

Մեկնաբանել