Միրզոյանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Փետրվարի 23-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Քննարկվել են Սիրիայի՝ աղետից տուժած շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված աշխատանքները: Հանդիպման օրակարգում էին նաև հայ-սիրիական երկկողմ հարաբերությունների հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանն ու Ասադը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Սիրիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:

Մեկնաբանել