Գերմանիայի կանցլերը խոսել է ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որից հետո նրանք լրատվամիջոցների հետ հանդիպմանը մանրամասներ են ներկայացրել բանակցությունների արդյունքների վերաբերյալ և պատասխանել լրագրողների հարցերին:

Շոլցը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանում բարեփոխումների գործընթացը։ Կանցլերը խոսել է նաև այդ հարցում Հայաստանին օգնելու մասին։

Գերմանիայի ղեկավարը տեղեկացրել է, որ Փաշինյանի հետ քննարկել է նաև ռուս-ուկրաինական պատերազմը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի նկատմամբ։

«Ես գիտակցում եմ, որ նաև հատկապես Հայաստանի վրա զգացվում է այս ազդեցությունը: Այդ պատճառով ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ երկարաժամկետ լուծման գնան: Վարչապետն ինձ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները, մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայունությամբ և ԼՂ-ում սրվող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Ստատուս քվոն չի կարող շարունակվել և պետք է հանգել երկարաժամկետ լուծման` ի բարօրություն մարդկանց: Այս առումով, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- ասել է Շոլցը։

Նա նշել է, որ Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին։ Նրա խոսքով՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Պրահայում կայացած քառակողմ հանդիպման վերաբերյալ։

Փաշինյանն իր խոսքում շնորհակալությունը է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում նոր՝ ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ առաքելությունն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման գործում:

«Մեր քննարկումների առանցքային թեմաներից է եղել, ինչպես կանցլերն ասաց, Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: 2020-ի նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով մեր կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»,- ասել է նա։

Փաշինյանը խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման մասին՝ նշելով հարցի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը․ «Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ, որով պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը»։

Հայաստանի ղեկավարը ընդգծել է նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Մեկնաբանել