Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի առաջին լսումներն են տեղի ունեցել

Լսումների ընթացքում լրագրողներն ու քաղհասարակության ակտիվիստները բողոքի ցույց են անում խորհրդարանի դիմաց: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի խորհրդարանի երկու հանձնաժողովներում տեղի են ունեցել օտարերկրյա գործակալների մասին օրենքի երկու նախագծերի առաջին լսումները, հակառակ օրենքի դեմ բողոքներին և գործընթացը խափանելու՝ ընդդիմադիր պատգամավորների փորձերին:

Հինգշաբթի խորհրդարանի անվտանգության աշխատակիցները մի քանի ընդդիմադիր պատգամավորի, այդ թվում՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիին, դուրս են հանել նիստից: Խորհրդարանի մոտ ոստիկանները ձերբակալել են նաև երկու լրագրողի, իսկ մյուսներին դուրս են հանել խորհրդարանի շենքից:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունն ստացող վիճահարույց օրենքի երկու տարբերակները քննարկվել են խորհրդարանի Արտաքին հարաբերությունների և Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստում։

Օրինագծի քննարկման ժամանակ խորհրդարանի մոտ մեծ թվով ոստիկաններ կային: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Ըստ օրենքի՝ քաղաքացիական հասարակության խմբերը և լրատվամիջոցները, որոնք իրենց եկամտի ավելի քան 20%-ն ստանում են արտերկրից, պետք է պարտադիր գրանցվեն որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ» և Արդարադատության նախարարության կողմից մշտադիտարկման ենթարկվեն։

Oրինագծի քննարկման ժամանակ մի քանի հարյուր լրագրողներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ հավաքվել էին խորհրդարանի մոտ՝ հայտարարելով, որ «ռուսական օրենքը Վրաստանի ընտրությունը չէ»։

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը նման է 2012 թ․ Ռուսաստանի ընդունած օրենքին, որն օգտագործվել է քաղաքացիական հասարակությանն ու կառավարությանը քննադատողներին ճնշելու համար:

Քննարկումների ընթացքում խորհրդարանի մոտ հավաքվածների թիվն ավելանում էր, նրանց էին միացել նաև ընդդիմության կողմնակիցները: Լուսանկարը՝ Մարիամ Նուկուրաձեի/OC Media։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին ասել է, որ հանձնաժողովի նիստի համար ընտրված դահլիճը վերջին պահին փոխվել է, և նիստն անցկացվել է ավելի փոքր դահլիճում, «որպեսզի շատ մարդ չկարողանա ներս մտնել»։

Բազմաթիվ լրագրողների և քաղաքացիական հասարակության առաջնորդների մուտքն արգելվել է, մինչդեռ իշխանամետ գործիչներին, այդ թվում՝ Նանա Կակաբաձեին, որը ղեկավարում է իշխանամետ մի ՀԿ, և Դավիթ Քարթվելիշվիլիին, որն առնչվում է հակաարևմտյան «Ժողովրդի իշխանություն» խմբի հետ, թույլ են տվել ներս մտնել: Լրագրողներին, այդ թվում՝ On.ge-ի և Formula-ի լրագրողներին, խորհրդարանի անվտանգության աշխատակիցները դուրս են հանել շենքից՝ չնայած նրանք ունեին անցագրեր, որոնք նրանց իրավունք էին տալիս այդտեղ լինել։

«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Իրակլի Բերայան «լրտեսներ» է անվանել ընդդիմադիր պատգամավորներին, որոնք հինգշաբթի կայացած լսումների ժամանակ քննադատել են օրինագծերը։

Երբ հանձնաժողովի լսումների ավարտից հետո իշխող կուսակցության պատգամավորները լքում էին շենքը, խորհրդարանի մուտքերի մոտ հավաքված ցուցարարները սուլոցներով էին ճանապարհում նրանց։

Ոստիկանությունն առնվազն 36 մարդու է ձերբակալել։

Ձերբակալվածների թվում են Զուրա Վարդիաշվիլին՝ Publica առցանց լրատվական կայքի տնօրենը և Tabula-ի թղթակից Բեկա Ջիկուրաշվիլին:

Publica-ի համահիմնադիրներից Լիկա Զակաշվիլին ավելի ուշ երեկոյան ՆԳՆ-ի մոտ տեղի ունեցած փոքրիկ հավաքի ժամանակ լրագրողներին ասել է, որ ոստիկանությունն անհարկի ուժ է կիրառել իր գործընկերոջը կալանավորելիս։ Նա հավելել է, որ Վարդիաշվիլիին ձերբակալել են միայն «դավաճաններ» բղավելու համար։

Հանձնաժողովի հաջորդ լսումները նախատեսված են երկուշաբթի:

«Վտանգում են Վրաստանի եվրատլանտյան ապագան»

Օրենքի նախագիծն ավելի ու ավելի շատ քննադատության է արժանացել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում:

Ավելի քան 60 լրատվամիջոց, ներառյալ OC Media-ն, խոստացել են չենթարկվել օրենքի պահանջներին: Օրինագծի երկու տարբերակներում որպես օտարերկրյա գործակալ չգրանցվելու համար նախատեսված պատիժը ներառում է կա՛մ խոշոր տուգանք, կա՛մ մինչև հինգ տարվա ազատազրկում։

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի ղեկավար Մարիամ Գոգոսաշվիլին կարդում է Վրաստանի ԶԼՄ-ների համատեղ հայտարարությունը այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին խորհրդարանում ընթերցվեց օրենքի երկրորդ տարբերակը: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Չորեքշաբթի Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ԵՄ անդամ 19 երկրների դեսպանների հետ հանդիպել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Հանդիպումից հետո Հերչինսկին ասել է, որ օրենքը կհակասի ԵՄ-ի կողմից Վրաստանին տրված հանձնարարականներին, եթե երկիրը ցանկանա, որ ԵՄ անդամակցության իր դիմումը վերանայվի: 2022 թ․ հունիսին Վրաստանը չկարողացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ։

«Մենք շատ հստակ նշեցինք, որ այս նախաձեռնությունը հակասում է Եվրամիության արժեքներին, և ևս մեկ անգամ կրկնեցինք, որ այս նախաձեռնությունը հակասում է Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունների կետերից առնվազն երկուսին»,- ասել է նա։

ԵՄ-ին Վրաստանի անդամակցության դիմումի մերժումը հանգեցրեց ցույցերի, որոնք բնակիչների հիշողության մեջ տպավորված թերևս ամենաբազմամարդ բողոքի ակցիաներն էին։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Նույն օրը Վրաստանի իրավաբանների ասոցիացիան հայտարարեց, որ օրենքի նախագծի բովանդակությունը, դրա ժամկետները և դրա շուրջ քննարկումների կոնֆրոնտացիոն բնույթը վտանգում են խորացնել առկա բևեռացումը և թուլացնել Վրաստանի ժողովրդավարությունը։

Հինգշաբթի ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը կրկնել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի ավելի վաղ արած մեկնաբանությունները, որ օրինագծին կողմ քվեարկողներն ուղղակիորեն պատասխանատու կլինեն Վրաստանի «եվրաատլանտյան ապագային» վնաս հասցնելու համար։

Բացի դրանից, հինգշաբթի Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հայտարարել են, որ կբոյկոտեն խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկա Սամխարաձեի դասախոսությունները: Վերջինս այս համալսարանում դասախոսություն է կարդում ԵՄ արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Չորեքշաբթի Վրաստանի խորհրդարանի նախագահին ուղղված նամակում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը զգուշացրել է, որ օրենքը Վրաստանի քաղաքացիական հասարակության վրա կարող է «ապամոտիվացնող լուրջ ազդեցություն» ունենալ:

Երեքշաբթի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողներին ասել է, որ ինքը «կտրականապես դեմ է» օրենքին և խոստացել է վետո կիրառել։

«Այս օրենքը մեզ ուղղակիորեն կբաժանի Եվրոպայից։ Ուստի այն ինձ համար անընդունելի է»,-ասել է նա։

Խորհրդարանը կարող է չեղարկել նախագահի վետոն։

«ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Եվրախորհուրդը, բազմաթիվ անդամ երկրներ, Վրաստանի բարեկամներն ամբողջ աշխարհից արտահայտել են իրենց տեսակետը՝ կոչ անելով կառավարությանը և խորհրդարանին ընթացք չտալ այս նախագծին»,- ասել է նա:

Երկու օր անց՝ օրինագծերի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների առաջին օրը Զուրաբիշվիլին առաջարկել է «հակասահմանադրական» ճանաչել քաղաքական կուսակցությունների գործողությունները, որոնք հակասում են Վրաստանի Սահմանադրության սկզբունքներին և «մեր երկրի և ժողովրդի ընտրած ուղուն»։ Վրաստանի Սահմանադրությունը նախատեսում է, որ կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի ապահովի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը։Ընդդիմադիր «Գիրչի – ավելի շատ ազատություն», «Ստրատեգիա Աղմաշենեբելի» և «Դրոա» կուսակցությունները ստորագրահավաք են սկսել և հույս ունեն «Եվրամիության համար մեկ միլիոն ստորագրություն» հավաքել: Ստորագրահավաքը Եվրամիությանը կոչ է անում կառավարության փոխարեն ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել ընդդիմության հետ:

Մեկնաբանել