Տոյվո Կլաարի խոսքն աղավաղված է ներկայացվում հայաստանյան լրատվամիջոցներում

Toyvo-falce

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ մարտի 8-ին արտատպել են Ադրբեջանի պետական APA լրատվական գործակալության՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի հետ հարցազրույցը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը իբրև հայտարարել է, թե «Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի»։ Իրականում, սակայն, Տոյվո Կլաարը նման հայտարարություն չի արել։

Նման բովանդակությամբ հրապարակումը տարածել են Yerkir.am, Asekose.am, Hayeli.am, mediahub.am, times.am, news.am, blognews.am, yerevan.today լրատվական կայքերը։ Tert.am, lurer.com և auroranews.am-ը ևս ի սկզբանե նման ձևակերպումով էին գրել, սակայն ավելի ուշ խմբագրել են հոդվածները։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարն իրականում կարծիք է հայտնել, որ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ղեկավարները ունեն քաղաքական կամք հաղթահարելու հակամարտությունը և հավատարիմ են գործընթացին։


«Կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունենան քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հանձնառու է այս գործընթացին, ինչպես նաև հանձնառու է վարչապետ Փաշինյանը։ Բայց կրկին, սա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ»,- ասել է Կլաարը հարցազրույցի բնագիր տարբերակում։

Հատված՝ Տոյվո Կլաարի հարցազրույցից

Ապատեղեկավտության պատճառն այն է, որ հայկական լրատվամիջոցները օգտվել են ադրբեջանական APA գործակալության հարցազրույցի ռուսերեն տարբերակից, որում ԵՄ ներկայացուցչի խոսքը աղաղված է ներկայացվել։ APA-ն ավելի ուշ խմբագրել է հոդվածը, սակայն նախնական տարբերակը հասանելի է արխիվացված։

Տոյվո Կլաարի մամուլի քարտուղար Անրի Դուկենը Сivic.am-ին տված պարզաբանման մեջ հաստատել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքը ռուսերեն տարբերակում սխալ է ներկայացվել ադրբեջանական APA գործակալության կողմից։

Հատկանշական է, որ Տոյվո Կլաարը օգտագործել է «commitment by» արտահայտությունը, որը կախված կոնտեքստից կարող է թարգմանվել ինչպես «պարտավորված», այնպես էլ «հանձնառու» կամ «հավատարիմ»։ Հրապարակման ադրբեջանական տարբերակում օգտագործվում է «sadiqliyi var» տարբերակը, որը ևս թարգմանվում է որպես «հավատարմություն ունենալ»:

Այպիսով, հայկական մի շարք լրատվամիջոցներ տարածել են Տոյվո Կլաարի աղավաղված խոսքը՝ արտատպելով ադրբեջանական պետական քարոզչական թեզերը։

Մեկնաբանել