Հիսուսի արձանը պատրաստվում է, բայց նախագիծը դեռ չկա

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 6-ին հայտնել էր, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ կնքվել է հուշագիր՝ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ:

2021-ի ամռանը, երբ Հատիս լեռան վրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման համար իրականացվել էին շինաշխատանքներ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հայտարարություն էր տարածել, որ այդ աշխատանքների հետևանքով «անդառնալիորեն աղճատվել են ամրոց հնավայրի՝ հատկապես կենտրոնական հատվածը, այնտեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը»։ ԿԳՄՍ-ն էլ, այս հայտարարությունը հիմք ընդունելով, դիմել էր ոստիկանություն։

Նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կքնված հուշագրում նշվում է, որ հիմնադրամը սեփական միջոցների հաշվին կիրականացնի ամրոցի հնագիտական պեղումների, ինչպես նաև ամրակայման և վերականգնման աշխատանանքները, իսկ ԿԳՄՍՆ-ն դրանց ընթացքում կցուցաբերի մասնագիտական և գիտագործնական աջակցություն։

Հնավայր ամրոցի վերականգնումը ենթադրո՞ւմ է, արդյոք, որ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման աշխատանքները չեղարկվել են։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ արձանի տեղադրման վերաբերյալ որևէ նախագիծ չի ներկայացվել նախարարություն, իսկ ստորագրված հուշագիրը վերաբերում է միայն հայտնաբերված ամրոցի հնագիտական պեղումներին և հետագա ամրակայմանն ու վերականգնմանը։

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հետազոտությունների փուլի ավարտից հետո հստակ կանդրադառնան այդ հարցին։ «Այս փուլում իրականացվելու են հետազոտություններ՝ Հատիս լեռան գագաթին, և դրանից հետո նոր միայն տեղի կունենան մյուս գործընթացները»,- ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակում։

Իսկ Factor TV-ն պարզել է, որ Հիսուսի արձանն այս պահին պատրաստվում է, 33 մետրանոց արձանից ներկայում արդեն պատրաստ է 12 մետրը։

Չկա հաստատված նախագիծ, բայց փաստացի արձանը պատրաստման փուլում է։

Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու մասին Ծառուկյանը հայտարարեց 2022-ի հունվարին։ Հայ առաքելական եկեղեցին առաջարկին դեմ էր արտահայտվել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջին խոսքը կառավարությանն է։

«Ի վերջո կա օրենք, կա կարգ, կան կառավարության որոշումներ, և երբ որ այդ նախագիծը սահմանված կարգով ներակայցվի, այդ թվում մասնագիտական քննարկման […] պետությունը սահմանված ընթացակարգերով որոշում կկայացնի»,- հունվարի 24-ին ասել էր Փաշինյանը։

2021-ի հուլիսի 9-ին Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ Հիսուսի արձանի հիմնարկեքը, որին մասնակցում էր նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նախագիծը անվանեց «շռնդալից» և շնորհակալություն հայտնեց Ծառուկյանին։ «Մենք, ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը ինչքան հնարավոր է արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա»,- ասում էր Քերոբյանը։ Նախարարն ավելի ուշ պնդեց, որ արձանի հիմնարկեքին իր մասնակցությունը դեռ չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան։

Հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍՆ-ն հայտարարություն արեց՝ պահանջելով դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի գագաթին առկա բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։ Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Հատիսի փեշերին ընդհանուր առմամբ առկա է պետական ցուցակում գրանցված պատմության և մշակույթի շուրջ 20 հուշարձան:

Մեկնաբանել