ԿԳՄՍ-ն դիմել է ոստիկանություն՝ Հատիսում շինաշխատանքների հետ կապված. Քրիստոսը կսպասի որոշմանը

Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ հուլիսի 9-ին։ Արձանի գաղափարը և հատկապես դրա տեղադրությունը վիճահարույց է և քննադատության է արժանացել մասնագիտական որոշ շրջանակների կողմից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը հուլիսի 19-ին #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ հիմք ընդունելով Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը՝ Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ, նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկելու Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։

Օրեր առաջ լեռան գագաթին գտնվող հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հայտարարություն էր տարածել, որ այդ աշխատանքների հետևանքով «անդառնալիորեն աղճատվել է հնավայրի՝ հատկապես կենտրոնական հատվածը, այնտեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը»։

Հատկանշական է, որ արձանի հիմնարկեքին մասնակցել էր Էկոնոմիկայի նախարարը, իսկ երկու նախարարություններ հաջորդող օրերին հայտարարել էին, որ չեն հաստատել նախագիծը և մտահոգություններ հայտնել լեռան վրա տեղակայված պատմական հուշարձանների և լեռան՝ որպես բնության հուշարձանի խաթարման վերաբերյալ։

Չնայած կառավարությունը դեռ չի հաստատվել արձանի նախագիծը, Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհի և ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն արդեն իրականացվում են։

Նախապատմություն

Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու մասին Ծառուկյանը հայտարարեց 2022-ի հունվարին։ Հայ առաքելական եկեղեցին առաջարկին դեմ էր արտահայտվել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջին խոսքը կառավարությանն է։

«Ի վերջո կա օրենք, կա կարգ, կան կառավարության որոշումներ, և երբ որ այդ նախագիծը սահմանված կարգով կներակայցվի, այդ թվում մասնագիտական քննարկման […] պետությունը սահմանված ընթացակարգերով որոշում կկայացնի»,- հունվարի 24-ի ասել էր Փաշինյանը։

Մայիսի 10-ին հայտարարվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի տարբերակի վերջնական ընտրության մասին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այն կունենա 33 մետր բարձրություն։

Հուլիսի 7-ի կառավարության նիստին Փաշինյանը հայտնեց, որ նախնական դրական գնահատական է տրվել Հատիս լեռան վրա արձան տեղադրելու նախագծին, որովհետև այն Հայաստանի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունը կմեծացնի։ Փաշինյանը նաև նշեց, որ կառավարության մարմինները դեռ պետք է քննարկեն և որոշում կայացնեն։

«Հուսով եմ՝ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն։ Այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա։ Այդ որոշումները կկայացնենք, և նախագիծը առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը։

Հիմնարկեքը և նախարարությունների արձագանքը

Նախնական դրական եզրակացությունից երկու օր անց՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցավ արձանի հիմնարկեքը, որին մասնակցում էր նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նախագիծը անվանեց «շռնդալից» և շնորհակալություն հայտնեց Ծառուկյանին։ «Մենք, ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը ինչքան հնարավոր է արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա»,- ասում էր Քերոբյանը։ Նախարարն ավելի ուշ՝ հուլիսի 18-ին, պնդեց, որ արձանի հիմնարկեքին իր մասնակցությունը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան։

Հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍ-ն հայտարարություն արեց՝ պահանջելով դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի գագաթին առկա բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։ Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Հատիսի փեշերին ընդհանուր առմամբ առկա է պետական ցուցակում գրանցված պատմության և մշակույթի շուրջ 20 հուշարձան:

Հատիսը՝ բնության հատուկ պահպանվող տարածք

Հուլիսի 11-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Ծառուկյանի հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել, և որ հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է։

«Դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքներն սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվություններն ստանալուց հետո»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նաև հիշեցնում էր, որ Հատիսը կառավարության 2008-ի oգոստոսի 14-ի որոշմամբ ներառվել է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։ Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի՝ լեռան տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։

Արդեն հուլիսի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ արձանը չի կարող տեղադրվել առանց հաստատված նախագծի։

«Որևիցե հուշարձանի վրա հուշարձան կառուցելու նախագիծ չեմ կարծում թե կլինի, որովհետև այդ նախագիծը մեկ անձի ցանկություն չի, նախագիծը անցնում է ընթացակարգեր, փորձաքննություն։ …Մեկը պետք է հաստատի այդ նախագիծը»,- հավելել էր Դումանյանը։

Ճանապարհի շինարարությունը շարունակվում է՝ առանց արձանի հաստատված նախագծի

«Հետքը» հուլիսի 11-ին պարզեց, որ Ծառուկյանը այս տարվա մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում՝ Հատիս լեռան վրա գտնվող ավելի քան 100 հեկտար հողատարածք աճուրդային կարգով ձեռք է բերել 26,5 մլն դրամով։ Իսկ 46 հեկտար տարածք 2008-ին օտարվել էր Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվիրաբերել էր Ծառուկյանի հիմնադրամին։

Հատիսի գագաթին արձանի շինարարություն այժմ չի իրականացվում։ Փոխարենը, կառուցվում է դեպի գագաթ տանող ճանապարհ և դրան զուգահեռ էլեկտրականության, գազի և ջրի գծեր։

Այս ընթացքում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը տեղեկացրեց, որ դիմել է պատկան մարմիններին՝ շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան եզրակացություններ ու թույլտվություններ ստանալու նպատակով: «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

Հուլիսի 16-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց արեցին լեռան վրա և տեղում լուսանկարներ հրապարակեցին դեպի գագաթ տանող ճանապարհի՝ ծանր տեխնիկայով իրականացվող լայնացման աշխատանքներից։

Հուլիսի 19-ին ավելի քան 15 հասարակական կազմակերպություններ իրենց մտահոգությունը հայտնեցին Հատիս լեռան վրա տարածքների օտարման առնչությամբ՝ պնդելով, որ հանրային նշանակության և մշակութային հուշարձան հանդիսացող տարածքը մասնավոր անձի օտարելը լի է կոռուպցիոն ռիսկերով։

Հատիսը հուշարձան է, սակայն անձնագիր չունի

Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր հուշարձանի անձնագրով: Սակայն Շրջական միջավայրի նախարարության խոսնակ Անի Հակոբյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ Հատիսը չունի հուշարձանի անձնագիր։ Ըստ նրա՝ 230 բնության հուշարձաններից միայն 31-ն ունի անձնագիր։ «Այս ընթացքում արագացնում ենք բնության հուշարձանների անձնագրավորման պրոցեսը, որպեսզի հետագայում նման խնդիրներից խուսափել լինի»,- ասաց Հակոբյանը։

Այսինքն, մինչ օրս սահմանված չեն Հատիս բնության հուշարձանի աշխարհագրական կորդինատները, չափագրությունը, պահպանությունն իրականացնող սուբյեկտը և այլն։ Հակոբյանը հայտնեց, որ Հատիսում բնապահպանական իրավիճակի հնարավոր խախտումների հարցով պետք է զբաղվի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ պարզելու արդյոք պահպանման խախտում դիտարվել է, թե ոչ։

Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը՝ Հակոբյանը հայտնեց, որ գործընթացներ են ընթանում, որոնց մասին հիմա չեն կարող բարձրաձայնել։ «Երբ որ լինի դրանք հանրայնացնելու հնարավորություն, անպայման կտեղեկացնենք»,- հավելեց Հակոբյանը։ Ինչ վերաբերում է ոստիկանությանը դիմելուն, նա նշեց, որ դա նախարարության լիազորությունների շրջանակում չէ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ կառույցը իր լիազորությունների շրջանակում գործողություններ է իրականացնում, որոնց ավարտից հետո հնարավոր կլինի մանրամասներ ներկայացնել։

Մեկնաբանել