Արմեն Գրիգորյանը հակասում է Միրզոյանին և Զասին

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 13-ին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտարարեց, թե ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծով՝ սպառազինությամբ աջակցություն չէր նախատեսվում։

Արշալույս Մղդեսյանը հարց ուղղեց Գրիգորյանին, թե ինչ էր նախատեսվում ՀԱՊԿ-ի առաջարկած օգնության նախագծում, և արդյոք այն նախատեսում էր նաև ռազմաքաղաքական կամ սպառազինության տրամադրում։ ԱԽ քարտուղարը նշեց, որ հիմնականում նախատեսվում էր, որ յուրաքանչյուր անդամ երկիր դիտորդական առաքելության շրջանակում կարող էր պաշտպանության նախարարությունից գնդապետի գործուղել Հայաստան։

Սպառազինության տրամադրման մասով նա ասաց. «Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք և զինամթերք։ Չի կարող որևէ տեղում զենք-զինամթերքի տեսքով Հայաստանին օգնություն առաջարկվել և Հայաստանը հրաժարվի»։

Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունը, սակայն, հակասում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտնած տեղեկություններին։

Ինչո՞ւ չստորագրվեց նախագիծը

2022-ի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ Այն ուղարկվեց լրամշակման։

Պաշտոնական Երևանը հայտնել էր, որ ներկայացված նախագիծը չի բավարարում հայկական կողմին, և ինքն ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։

Ի՞նչ էր նախատեսում նախագիծը

Թեև ՀԱՊԿ օժանդակության փաստաթղթերը չեն հրապարակվել, սակայն որոշ իրավասու պաշտոնյաներ խոսել են դրանց բովանդակության մասին։

Այսպես, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով փաստաթղթերի բովանդակությանը, հայտնել էր. «Այո, քննարկվող որոշման մեջ (օժանդակության փաստաթղթերի-խմբ.), ի թիվս այլ միջոցառումների և միջոցների, դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր՝ արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այունհետև կարող ենք դիտարկել մնացած միջոցները` քաղաքական ճանապարհով հարցի հանգուցածուլում, ադրբեջանական զորքերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական աջակցություն…»։

Դեկտեմբերի 19-ին էլ նախագծի բովանդակությանն անդրադարձել էր այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ստանիսլավ Զասը՝ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Խոսելով փաստաթղթերի բոնադակության մասին, Զասը ասել էր. «Մանրամասներ, իհարկե, բացահայտել չեմ կարող, քանի որ նախագիծը գաղտնի է։ Բայց ասեմ, որ իսկապես եղել է կետ, որը նախատեսում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրել։ Ցուցակ, իհարկե, չկար, թեև հայկական կողմը ՀԱՊԿ–ին տվյալներ էր փոխանցել սպառազինության և ռազմական տեխնիկայի առաջնահերթ կարիքների մասին։ […] Իսկ տրամադրման պայմանները տարբեր էին՝ ինչ-որ բան, որպես օգնություն, ինչ-որ բան՝ արդեն ներքին գներով»»։

Զասը հավելել էր՝ դա չէր նշանակում, որ փաստաթղթի ստորագրումից հետո անմիջապես օդանավեր կժամանեին այն ամենով, ինչ պետք է Հայաստանին, բայց դա հնարավորություն կտար մեր երկրների պաշտպանության նախարարություններին աշխատել Հայաստանի կողմից տրամադրված ցուցակի ուղղությամբ և կյանքի կոչել, «եթե իհարկե երկրների ղեկավարները կհաստատեն»։

Այպիսով, Արմեն Գրիգորյանի պնդումը հակասում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարություններին։

Մեկնաբանել