Կառավարությունը 3,1 մլրդ դրամ կտրամադրի Քննչական կոմիտեի աշխատակիցների հավելավճարի համար

Կառավարությունը որոշել է բարձրացնել Քննչական կոմիտեի քննիչների աշխատավարձերը ու հավելավճարի տրամադրմամբ գրեթե կրկնապատկել դրանք։ Հավելավճարը կազմելու է աշխատավարձի 92 տոկոսի չափով։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 20-ի նիստի օրակարգում։

Նախագծի հիմնական հիմնավորումն այն է, որ բարձրացել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ու դատախազների աշխատավարձերը։ Այս տարվա հունիս-դեկտեմբեր ամիսների համար այս նպատակով Քննչական կոմիտեին հատկացվելու է ավելի քան 3,1 միլիարդ դրամ։

«Հակակոռուպցիոն կոմիտեում, Դատախազությունում, ինչպես նաև Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքում որևէ տարբերակումը բացառելու նպատակով Քննչական կոմիտեն մշակել է սույն նախագիծը, քանի որ Դատախազության և Քննչական կոմիտեի աշխատանքը հանդիսանում է ուղիղ փոխկապակցված և մի մարմնի աշխատողների սոցիալական վիճակի բարձրացումը խզում կառաջացնի այդ շղթայում:

Եթե դատախազի աշխատանքն իրենից ենթադրում է որոշակի ռիսկայնություն, ապա դա ուղիղ փոխկապակցված է վերջինիս կողմից դատավարական ղեկավարում իրականացնող՝ Քննչական կոմիտեի քննիչների աշխատանքով, քանի որ սկզբնական օղակը հանդիսանում է նախաքննություն իրականացնող քննիչը, որպիսզի պայմաններում՝ ռիսկայնության վերաբերյալ պնդումը պետք է լինի շղթայական և փոխկապակցված»,- նշված է նախագծի հիմնավորումներում։

Կառավարությունը ներկայացրել է նաև որոշ թվային տվյալներ, ըստ որոնց, քննիչը տարեկան միջինում քննում է 111 քրեական գործ, քննիչները օրական աշխատում են 12-13 ժամ։

Տարեսկզբին հավելավճարներ տրամադրելու որոշում էր ընդունվել դատախազների համար։ Այդ նպատակով դատախազությանն ուղղվել էր մոտ 2,5 միլիարդ դրամ՝ 432 դատախազի հավելավճար տրամադրելու համար։ Դրանից առաջ նման որոշում ընդունվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար։

Մեկնաբանել