Նոր «Սատանայի անիվը» փորձաքննություն չի անցել, բայց սպասարկում է մարդկանց

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

2022-ին Երևանի Հաղթանակ զբոսայգում 50 մետր բարձրությամբ «Սատանայի անիվը» թեև պարբերաբար սպասարկում է մարդկանց, սակայն դեռ չունի շինթույլտվություն։ Ավելին՝ ատրակցիոնի շահագործումը արգելվել է։

Երևանի գրեթե բոլոր կետերից տեսանելի նոր «Սատանայի անիվը» թեև երևանցիների աչքի առաջ էր կառուցվում և 2022-ի ամռանը հսկայական մետաղական շրջանակն արդեն տեղադրված էր, սակայն Երևանի քաղաքային իշխանությունը միայն աշնանը՝ հոկտեմբերին էր «նկատել» այն։ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հոկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ անիվն ապօրինի է կառուցվել և հանձնարարել էր համապատասխան խախտման մասին արձանագրություն կազմել։

Ամիսներ անց ատրակցիոնը դեռ շինթույլտվություն չունի

Հսկայական «Սատանայի անիվը» կառուցել է «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ն, որը վարձակալում է Հաղթանակի զբոսայգու տարածքը։ Երևանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ այս ատրակցիոնը դեռևս շինթույլտվություն չի ստացել։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էլ «Սատանայի անիվ» ատրակցիոնի նկատմամբ հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացնել։ Եվ տեսչական մարմինը պարզել է, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող ատրակցիոնը որպես արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում հաշվառվելու և տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնելու։

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ ԱՎՕ շահագործող անձը պարտավոր է օբյեկտը ռեեստրում գրանցման ներկայացնել, ինչպես նաև ապահովել դրա՝ օրենքով սահմանված կարգով տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնելը։ Վերոնշյալ պահանջները չկատարելը ենթակա է օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ տեսչական մարմնի կողմից «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվել է վարույթ՝ առանց ռեեստրում գրանցման արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման հարցի քննության վերաբերյալ»,- հայտնում են տեսչական մարմնից։

Բացի այդ, տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ին արգելվել է շահագործել պտտվող անիվ ատրակցիոնը։ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ կարգադրագրի բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:

Վարույթի քննությունը տեղի կունենա ապրիլի 28-ին։ Եթե ընկերությունը տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցած չլինի, ապա կտուգանվի 1 միլիոն դրամով։

#CivilnetCheck-ի հետ զրույցում «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության տնօրեն Վահրամ Ներսիսյանը հավաստիացրեց, որ շուտով ստացվելու է պտտվող անիվի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունը, և անիվը «մոտ օրերս կգործարկվի»։

Տնօրենը նաև պնդեց, որ առանց շինթույլտվության կառուցված և փորձաքննության չենթարկված այս պտտվող անիվը երբևէ չի շահագործվել և այցելուներ չի սպասարկել։ Ներսիսյանի այս պնդումը կեղծ է, քանի որ փետրվարին ՍիվիլՆեթի աշխատակիցները օգտվել են այս ատրակցիոնից։ Տոմսը արժեցել է 1 500 դրամ։ Բացի այդ, զբոսայգու ֆեյսբուքյան պաշտոնական էջում փետրվարին և մարտին ընկերությունը տեղեկացրել է, որ «Սատանայի անիվի» ատրակցիոնը գործում է։

«Շինթույլտվությունը փորձաքննության հետ կապ չունի։ Շինթույլտվության համար դիմել ենք համապատասխան տեղ՝ կտան»,- պատասխանեց Ներսիսյանը։

Մեկնաբանել