«Վրացական երազանքը» խոչընդոտում է ԱՄՆ-ի պատժացուցակի դատավորներին հետաքննող հանձնաժողովի ստեղծումը

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստ, 19 ապրիլի, 2023, պաշտոնական լուսանկար։

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» խմբակցությունն ապրիլի 19-ին միտումնավոր քվորում չի ապահովել, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտա ստեղծել հանձնաժողով, որը պետք է հետաքննի ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված վրացի բարձրաստիճան դատավորների գործունեությունը։

Չորեքշաբթի նախատեսված նիստին ընդդիմադիր հիսուն պատգամավորներ պետք է միավորեին ուժերը՝ ստեղծելու ժամանակավոր փաստահավաք հանձնաժողով, որը հետաքննելու էր Վաշինգտոնի պատժամիջոցներին ենթարկված չորս դատավորների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքները։

Այնուամենայնիվ, խորհրդարանական մեծամասնությունը միտումնավոր բոյկոտել է նիստը․ տասնվեց պատգամավորի բացակայության պատճառով քվորում չի ապահովվել։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ողջունել է հանձնաժողովի ստեղծման ձախողումը՝ այն անվանելով «համերաշխության ակտ», որը հաստատում է Վրաստանի դատական համակարգի անկախությունը։

«Մենք կշարունակենք ամեն ինչ անել, որ «Միացյալ ազգային շարժումը» չստեղծի դատական հարցերի հանձնաժողով։ Սա սկզբունքորեն անընդունելի է մեզ համար,- հայտարարել է Կոբախիձեն։- Դատարանը կմնա անկախ. դա 2012-ից ի վեր մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, և մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը վտանգի դա»:

Սա ընդդիմության՝ հանձնաժողով ստեղծելու երկրորդ փորձն էր այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը երեքշաբթի նույնկերպ խափանել էր նախորդ նիստը, թեև ընդդիմությանը հաջողվել էր զգալի թվով պատգամավորների համախմբել, որոնք նախկինում քաղաքական տարբեր պատճառներով պարբերաբար բոյկոտում էին խորհրդարանի նիստերը:

Ապրիլի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է կիրառել վրացի մեկ նախկին դատավորի և երեք գործող դատավորների նկատմամբ «կոռուպցիոն գործողություններում զգալիորեն ներգրավված» լինելու համար։

Վրաստանի այդ չորս քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ։

Վրաստանի իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտել են պատժամիջոցները՝ ԱՄՆ իշխանություններին մեղադրելով վատ տեղեկացված լինելու մեջ, իսկ պատժամիջոցները համարելով անհիմն։ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը չորեքշաբթի հերքել է այս մեղադրանքները։

«Այստեղ որևէ սխալ չկար. Միացյալ Նահանգները լիովին վստահ է, որ կոռուպցիոն գործողություններին ներգրավվածության համար այս չորս անձանձ վիզա չտրամադրելու որոշումը հիմնավոր է»,- ասել է դեսպանը։

Դեգնանը նաև մտահոգություն է հայտնել խորհրդարանի կողմից հետաքննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության ձախողման կապակցությամբ՝ նշելով, որ որևէ օգուտ չկա, երբ կուսակցությունները բոյկոտում են խորհրդարանի նիստերը։

Իր հերթին «Վրացական երազանքի» նախագահը պնդել է, որ նախկին իշխող կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», փորձում է վերահսկողության տակ առնել դատական համակարգը և այն կրկին վերածել «արյունոտ, քրեական դատական համակարգի»։

Չնայած Կոբախիձեն ընդգծել է, որ «Միացյալ ազգային շարժումը» հատուկ դեր ունի հանձնաժողովի ստեղծումն առաջարկելու հարցում, առաջարկվող փաստահավաք մարմին ստեղծելու նախաձեռնությանն աջակցում են նաև ընդդիմադիր այլ խմբեր, այդ թվում՝ «Լելոն», «Բարեփոխումների խումբը», «Գիրչի – նոր քաղաքական կենտրոնը», «Քաղաքացիները» և Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած «Հանուն Վրաստանի» կուսակցության պատգամավորները:

Դատապարտելով հանձնաժողով ստեղծելու նրանց ծրագրերը՝ Կոբախիձեն ընդդիմադիր դաշինքին անվանել է «հավաքական Ազգային շարժում»։

Կոբախիձեին քննադատում են նրա հայտարարությունների համար, թե դատավորները, որոնք «Միացյալ ազգային շարժման» կառավարման ժամանակ կայացրել են քաղաքականապես ուղղորդված վճիռներ (ժառանգություն, որը «Միացյալ ազգային շարժումը» մեծամասամբ ընդունել է), 2012-ի վարչակարգի փոփոխությունից հետո դարձել են անկախ: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

«Վրացական երազանքի» հիմնադիր և Կոբախիձեից առաջ կուսակցության նախագահի պաշտոնն զբաղեցրած Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել նման պնդումներով, ինչը 2019-ին պատգամավորներին դրդեց լքել իշխող կուսակցությունը։ Արդյունքում «Վրացական երազանքը» զրկվեց խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունից։

2021-ի օգոստոսին Վրաստանի կառավարությունը որոշել է հրաժարվել ԵՄ-ի 75 մլն եվրո օգնությունից, որի տրամադրումը կախված էր լինելու Վրաստանի դատաիրավական համակարգում կատարվելիք բարեփոխումներից:

«Խոչընդոտելը նույնպես խոսուն է»

«Փաստահավաք հանձնաժողովի հիմնական առաքելությունն արդեն կիսով չափ ավարտված է. հաստատվել է դատական համակարգի ապօրինի համագործակցությունն այս կառավարության հետ»,- ապրիլի 19-ին ասել է «Գիրչի» կուսակցության նախագահ Յագո Խվիչիան։

Ենթադրվում է, որ Խվիչիան նկատի ուներ «Վրացական երազանքի» սերտ կապերը ազդեցիկ դատավորների խմբի հետ (ներառյալ վերջերս ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկվածները), որոնց ոչ պաշտոնապես «կլան» են կոչում:

«Վրաստանի դատարանների ժամապահ» ՀԿ-ի ղեկավար Նազի Ջանեզաշվիլին հայտարարել է, որ վրացի դատավորների հետ Կոբախիձեի «համերաշխությունը» «խնդրահարույց է իշխանությունների տարանջատման տեսանկյունից»։

Լուսանկարում՝ Նազի Ջանեզաշվիլին

«Դատական իշխանությունը քաղաքական համերաշխության կարիք չունի։ Ինստիտուցիոնալ առումով այն պետք է լինի անկախ, և դա պետք է երաշխավորված լինի համապատասխան մեխանիզմներով, որոնք պետք է ապահովի իշխող կուսակցությունը»,- չորեքշաբթի IPN կայքին ասել է Ջանեզաշվիլին՝ երկրորդ քվորումի ձախողումից հետո:

«Վրաստանի անկախ դատական իշխանության կոալիցիան» նույնպես դատապարտել է ապրիլի 19-ին իշխող կուսակցության կիրառած մարտավարությունը՝ հայտարարելով, որ դա «ընթացակարգի չարաշահում է»։

«Այսպես կոչված համերաշխության ակտը աջակցության դրսևորում է դատական համակարգում ազդեցիկ խմբին՝ կլանին։ Միևնույն ժամանակ, այս որոշումը նշանակում է քաղաքական պատասխանատվություն ստանձնել արդարադատության համակարգում ազդեցիկ դատավորների կատարած կոռուպցիոն գործարքների համար»,- ասված է նրանց հայտարարությունում։

Տեղական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Մարդու իրավունքների կենտրոնը և «Վրաստանի դատարանների ժամապահ» ՀԿ-ն, նմանատիպ հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ խորհրդարանին դիմել էին ԱՄՆ պատժամիջոցներից ամիսներ առաջ:

Անցյալ տարվա սեպտեմբերին իրավապաշտպան այս խմբերը պնդում էին, որ կոռուպցիոն մեղադրանքների և դատարանների որոշումների վրա ազդելու փորձերի պատճառով Վրաստանի դատական համակարգում անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել:

2018-ից՝ խորհրդարանի նախորդ գումարումից ի վեր, վրացական ընդդիմությունը որևէ խոշոր հանձնաժողով չի ղեկավարել։

Վարչապետն անցնում է պաշտպանության

Պատժամիջոցների ենթարկված դատավորներից երկուսը դեմ են արտահայտվել Վաշինգտոնի պատժամիջոցներին՝ դրանք բնութագրելով որպես արտերկրից երկրի դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձ:

Սանկցիաների ենթարկված երեք գործող դատավորներից մեկը՝ Լևան Մուրուսիձեն, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին կոչ է արել հանդիպել դատավորների հետ և լսել այս հարցի շուրջ նրանց տեսակետը։

Մուրուսիձեն Արդարադատության բարձրագույն խորհրդի (ԱԲԽ) անդամ է և վերաքննիչ դատարանի դատավոր։ Քաղաքացիական հասարակության մի քանի խմբեր նախկինում քննադատել են նրան իր վիճելի որոշումների համար, որոնցից մի քանիսը վիճարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:

ԱԲԽ-ն դատական վերահսկող մարմին է, որը պատասխանատու է դատավորների նշանակման և ազատման և դատական համակարգերի անկախության ապահովման համար:

Ղարիբաշվիլին ապրիլի 10-ին հանդիպել է ԱԲԽ դատավորների հետ՝ դատական համակարգը գովաբանելով որպես «օրինակելի» և խոստացել, որ թույլ չի տա դատարանների աշխատանքին ներքին կամ միջազգային որևէ «միջամտություն»։

Վրաստանի Վերաքննիչ դատարանի նախագահի տեղակալ Իրակլի Շենգելիան, որը մեկն է այն դատավորներից, որոնց ԱՄՆ-ն մեղադրում է կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեջ, նույնիսկ այնքան հեռուն է գնացել, որ հայտարարել է, թե ապրիլի 6-ին ԱՄՆ-ի կայացրած որոշումը հավասարազոր է «Լինչի դատաստանին»:

Շենգելիան հավելել է, որ ինքը հետաքրքրված չէ ԱՄՆ մեկնելով, քանի որ «ավանդական ընտանիք» ունի։

«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում ժողովրդավարության գլխավոր ձեռքբերումներից մեկը համարվում է […] վեց տարեկանից երեխայի սեռը փոխելը՝ ես այնտեղ անելու բան չունեմ»,- գրել է Շենգելիան։

Նա նաև խոստացել է «հայց ներկայացնել» ԱՄՆ դատարան իրեն պատժամիջոցների ցանկ ներառելու դեմ։

2021-ին Իրակլի Շենգելիան մեղադրվում էր նեպոտիզմի մեջ, երբ ԱԲԽ-ն Գերագույն դատարանի դատավորի թեկնածու էր առաջադրել նրա եղբորը՝ Լևան Թևզաձեին, որի թեկնածությանը խորհրդարանը պետք է հավանություն տար։

Ապրիլի 6-ին Թևզաձեն կրկնել է դատավորներին «Կինչի դատաստանի ենթարկելու» վերաբերյալ Շենգելիայի մեղադրանքները։

Պատժամիջոցների ենթարկված երրորդ վրացի դատավորը և Շենգելիայի վերադաս Միխեիլ Չինչալաձեն, որը 2017-ին փոխարինել է նաև պատժամիջոցի ենթարկված Վալերի Ցերցվաձեին, ոչինչ չի ասել պատժամիջոցների մասին։

Մեկնաբանել