Ադամ Շիֆը Արցախի անկախության ճանաչման բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացրել Արցախի անկախության ճանաչման բանաձև, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ին ներկայացրեցի Արցախի անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևը: Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դադարեցնի Ադրբեջանին աջակցություն տրամադրումը։ Ես կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին աջակցել այս բանաձևին՝ ամրապնդելու մեր հավատարմությունը ժողովրդավարությանը և ազատությանն ամբողջ աշխարհում»,- ասել է Շիֆը։

Կոնգրեսականի խոսքով՝ անպատիժ մնացած հանցագործությունները միայն քաջալերել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շարունակել իր ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ․ «Ահա թե ինչու Ադրբեջանը հանդգնել է հավատալ, որ կարող է ոչնչացնել հայերին իրենց պատմական հայրենիքում: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունն ու մարդկության դեմ հանցագործությունները մնան անպատասխան»,- ասել է նա։

Բանաձևն ընդգծում է Արցախի ինքնորոշման իրավունքը, նրա անկախության հռչակման օրինականությունը և բնիկ հայ բնակչության անվտանգության հրատապ կարիքները։ Նշվում է նաև Արցախի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի, ինչպես նաև Արցախի շրջափակման մասին։

Կոնգրեսականը շեշտում է նաև, որ Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։

Մեկնաբանել