«Պոլիգրաֆ»-ում հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, իրականացվում է քննություն․ ՔԿ

քննչական կոմիտե քկ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվում են Երևան քաղաքում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքի հանգամանքները։

«Ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացվել է թմրամիջոցների ապօրինի իրացում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել է նախաքննություն:

«Ապրիլի 23-ին խուզարկություն է կատարվել «Պոլիգրաֆ» ակումբում, որի ընթացքում սրահի և աշխատասենյակի միջնամասում հատակին հայտնաբերվել և վերցվել է կարմիր պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված մեկ հատ անհայտ զանգված։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել նույն ակումբի 4 աշխատակից։ Վերջիններիս անձնական զննությամբ հայտնաբերվել և վերցվել են պոլիէթիլենային փաթեթներով դեղնականաչավուն զանգվածներ, մոխրացած հետքերով սրվակ և մարիխուանա տեսակի թմրամիջոց մանրեցնելու համար նախատեսված մետաղյա տարրա, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ»,- տեղեկացնում են Կոմիտեից։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել և ոստիկանության բաժին է տեղափոխվել 41 անձ։ Վերջիններս որպես ձերբակալված հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։

«Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Նշված անձանց մոտ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել