Կարևոր է, որ Երևանը ներդրում ունենա Լաչինում իրավիճակի հանգուցալուծման հարցում, նշում է Զախարովան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշում է՝ կարևոր է, որ Երևանը ներդրում ունենա Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման որոնման գործում։

«Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծումների որոնման գործում»,- ապրիլի 27-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Զախարովան:

Նրա խոսքով՝ այժմ ջանքեր են գործադրվում ինչպես ռուսական խաղաղապահ զորակազմի, այնպես էլ՝ քաղաքական մակարդակով՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման նպատակով։

Զախարովան նաև տեղեկացրել է, որ ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հանդիման օրն ավելի ուշ կհայտարարվի:

***

Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։ Բաքուն հայտարարել է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ։

Հայաստանը Ռուսաստանին կոչ է արել «ի վերջո կատարել ստանձնած պարտավորությունը»։ Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, հատկապես՝ Ռուսաստանին՝ «ամենակարճ ժամկետում ակնկալելով գործուն քայլեր»։

Մեկնաբանել