Թուրքիան արձագանքել է «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի բացմանը

Թուրքիան քննադատել է ապրիլի 25-ին Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի բացումը։

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հուշարձանը նվիրված է «1920-ականների սկզբին օսմանցի քաղաքական և ռազմական առաջնորդների, ադրբեջանցի պաշտոնյաների և նույնիսկ օսմանյան պետության որոշ ծագումով հայ քաղաքացիների դեմ իրականացրած սպանությունների մեղավորներին»:

Պաշտոնական Անկարան «ամոթալի» է անվանում հուշարձանը, որը, նրա բնութագրմամբ, «փառաբանում է հրեշավոր ահաբեկչությունների ճանապարհը բացած արյունալի գործողությունները, որոնց հետևանքով սպանվել են 31 [թուրք] դիվանագետներ և նրանց ընտանիքի անդամներ:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հուշարձանի բացումը «երկու երկրների միջև ընթացող կարգավորման գործընթացի ոգու հետ անհամատեղելի համարելով»՝ նշել է․ «Նման սադրիչ քայլերը որևէ կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատման ջանքերին, այլ ընդհակառակը՝ բացասաբար կազդեն կարգավորման գործընթացի վրա»:

Թուրքիայի արտգործնախարությունը նաև քննադատել է հայկական մամուլում հուշարձանի բացման ակտիվ լուսաբանումը՝ նկատելով, որ դա ի ցույց է դնում՝ որոշ շրջանակներում շարունակում է տեղ գտնել «պատմության խեղաթյուրված մեկնաբանությունը»։

Ապրիլի 25-ին Երևանի Օղակաձև զբոսայգում բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողը, որն անվանվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող:

«Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց Երևանի սրտում՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող: Սողոմոն Թեհլիրյան, Արամ Երկանյան, Արմեն Գարո, Գրիգոր Մերջանով, Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Հրաչ Փափազյան, Շահան Նաթալի, Հակոբ Մելքումով, Երվանդ Ֆունդուկյան, Միսաք Թորլաքյան, Արշավիր Շիրակյան, Արշակ Եզդանյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գեվորգյան, Պետրոս Տեր Պողոսյան. 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև այս հուշարձանի միջոցով, որը հարգանքի տուրք, յուրօրինակ խոնարհում ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության պատգամ է: Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ, քանդակի հեղինակն է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

Հարկ է նշել, որ հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները»,- հուշարձանի մասին նշվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Մեկնաբանել