Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցու ուղղությամբ

Ադրբեջանական կողմը Ասկերանի հատվածում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցու ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

«Ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ: Դեպքի վայր մեկնած տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում` Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը «Բելառուս 82» մակնիշի տրակտորով, նշված տարածքում գտնվող նռան այգում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախցին գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Մեկնաբանել