Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանն ու Բլինքենը անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:

«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ․ «Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի»։

Մեկնաբանել