«Երիտասարդական պալատ»-ի հողամասն օտարվել է շուկայականից մոտ 4,4 միլիարդ դրամով պակաս․ Դատախազություն

«Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է շուկայական արժեքից մոտ 4,4 միլիարդ դրամով պակաս։ Դատախազության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

«2004-ի հունվարի 16-ին Երևանի քաղաքապետը (Երվանդ Զախարյանը – խմբ․), խախտելով Կառավարության որոշումը, ինչպես նաև Հողային օրենսգրքի պահանջները, պետական սեփականություն հանդիսացող՝ նախկին «Երիտասարդական պալատ» (Կուկուռուզնիկ – խմբ․) ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված Սարալանջի 1 հասցեում գտնվող 31 780,0 քմ մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը 805 մլն 623 հազար դրամ է, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքից էականորեն պակաս գնով՝ 62 մլն 973 հազար 405 դրամով, առանց օրինական հիմքերի օտարել է «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս»,- ասված է Դատախազության հաղորդագրությունում։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, նոտարի, ինչպես նաև այլ անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպք՝ դատախազի կողմից առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: Գլխավոր դատախազությունը մայիսի 5-ին, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, հայց է ներկայացրել Վարչական դատարան:

Մեկնաբանել