Հայաստանում ձերբակալված ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Դատախազությունից։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործի քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակին սպանելու համար։

***

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 10-ին ՀՀ տարածքում ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ապրիլի 13-ին Կապան քաղաքին հարակից Աճանան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։ Մինչ երկրորդ զինծառայողի ձերբակալությունը՝ ապրիլի 12-ին, Կապանում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը։

Մեկնաբանել