Տարածաշրջանի ապաշրջափակման հարցում Երևանն ու Բաքուն շատ մոտ են վերջնական համաձայնությանը․ Լավրով

Խաղաղության պայմանագրի և մի շարք այլ հարցերի շուրջ հաջողվել է Հայաստանի և Ադրբեջանի ըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։ Մայիսի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի, և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել 2020-ի նոյեմբերից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվել են ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովմանը, տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, հումանիտար խնդիրներին և սահմանազատմանը վերաբերող հարցեր։

«Առանձին թեմա է խաղաղության պայմանագիրը։ Դրա ուղղությամբ կողմերը սկսել են աշխատել, և այն այժմ ակտիվ քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։ Հայ և ադրբեջանցի նախարարները մեկնել են Վաշինգտոն, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մեկ շաբաթ առաջ եղել են Բրյուսելում։ Մեր գործընկերներն այսօր վերահաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով։ Այժմ երկկողմ հանդիպում է ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որի արդյունքների մասին նրանք մեզ կտեղեկացնեն»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ կկայանա տարածաշրջանի ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը․ «Հուսով ենք՝ հանդիպման արդյունքներով դրական արդյունք կգրանցվի։ Կողմերը արդեն շատ մոտ են վերջնական համաձայնությանը»։

Լավրովը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկայում նաև սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել։

Մեկնաբանել