Հետաքննություններ, երկար պատմություններ, ապատեղեկատվություն․ EVN մեդիա փառատոնը՝ Երևանում

Ինչպե՞ս անմիջապես գրավել ընթերցողին և պահել մինչև պատմության ավարտը։ Ինչպե՞ս պահել ճշգրիտ փաստերի և գայթակղիչ պատմության հավասարակշռությունը։ Ինչպե՞ս ապահովել սեփական անվտանգությունը ռիսկային հետաքննությունների ժամանակ։ Մայիսի 26-28-ը EVN մեդիա փառատոնը Երևանի կենտրոնում համախմբեց New York Times-ի, Le Monde-ի, The New Yorker–ի և բազմաթիվ այլ հեղինակավոր լրատվականների ներկայացուցիչների։ Հատուկ փառատոնի համար Երևան այցելեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախկին նախագահ Թոմաս Քենթը։

Մայիսի 27-ին NBC-ի, OCCRP-ի, Blankspot-ի և «Հետք»-ի լրագրողները «Հետաքննական լրագրություն. պատմության անատոմիա» խորագրով պանելային քննարկման ժամանակ ներկայացրին իրենց փորձն ու պատմեցին ամենաուշագրավ հետաքննությունների մասին։ NBC News-ի հետաքննական թիմի ավագ խմբագիր Էնդրյու Լերենը 13 տարի թղթակցել է New York Times-ին՝ աշխատելով ազգային, միջազգային և հետաքննական մի շարք հոդվածների վրա, այդ թվում՝ վերլուծել Wikileaks-ի դիվանագիտական հեռագրերը, Աֆղանստանի և Իրաքի պատերազմների տեղեկագրերը և Գուանտանամոյի կալանավորների գործերը: Այդ հոդվածների կարևորագույն դրվագներն ամբողջացվել են «Բաց գաղտնիքներ» մեծ պահանջարկ ունեցող գրքում: Լերենը լուսաբանել է նաև սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։

OCCRP-ի գլխավոր խմբագիր Միրանդա Պատրուչիչը հայտնի է դարձել Ադրբեջանի բռնապետական ռեժիմի մասին իր ռեպորտաժներով, երբ իր ընկերուհի և հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան 2015 թվականին այնտեղ ազատազրկման դատապարտվեց:

«Հետաքննական լրագրություն. պատմության անատոմիա» խորագրով պանելային քննարկումը

Ռասմուս Քենբեքը շվեդ լրագրող է, մասնագիտացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Արեգ Բալայանի նկարներով նրա գիրքը՝ «Ես ամեն օր դանդաղ եմ մեռնում» (“I Die Slowly Every Day”) 2021 թվականի մարտին նրանց Լեռնային Ղարաբաղ կատարած ճանապարհորդության մասին է (հրատարակվել է 2023 թվականին)։

Իլյա Լոզովսկին Սարաևոյում հիմնված OCCRP-ի հեղինակներից է և ավագ խմբագիրը: Րաֆֆի Խաչատուրյանը 2008-ից աշխատում է The New Yorker-ում: Խաչատուրյանի երկու ստեղծագործություններ առաջադրվել են National Magazine Awards մրցանակի, առաջին անգամ՝ «Ալ Կաիդա»-ի քարոզչի մասին «Ամերիկացի Ազամը» (Azzam the American) վերնագրով հոդվածի համար և երկրորդ անգամ՝ New Yorker-ի մուլտիմեդիա թիմի հետ համատեղ ստեղծված «Էջվուդի գաղտնիքները» (Secrets of Edgewood) հետաքննական հոդվածի համար, որը Սառը պատերազմի տարիներին հոգեմետ քիմիական նյութերի հետ կապված փորձերին է նվիրված։

Քննարկման ժամանակ լրագրողները ներկայացրին դրվագներ իրենց ամենաուշագրավ հետաքննություններից։ Էնդրյու Լերենը ներկայացրեց իր հետաքննությունը ամերիկյան ռազմաբազաներում աշխատանքային թրաֆիքինգի վերաբերյալ։ «ԱՄՆ զինված ուժերն աշխարհում մոտ 750 ռազմաբազա ունեն։ Այս ռազմաբազաները ենթադրում են մի շարք չափազանց ձանձրալի աշխատանքներ՝ ճաշարանների սպասարկում, հանրակացարանների մաքրություն և այլն։ Այս աշխատանքը կատարում են աշխարհի ամենաաղքատ երկրների բնակիչները՝ Նեպալից, Շրի Լանկայից, Ֆիլիպիններից և այլն, նրանց տրված խոստումները չէին պահվում, այս մարդկանց շահագործում էին։ Նրանք այնպիսի գյուղերից էին, որտեղ անգամ ինտերնետային կապ չկար։ Նեպալում բնակվող աշխատողներից մեկը ստիպված էր գնալ մեկ ուրիշ գյուղ մեզ հետ WhatsApp-ով շփվելու համար։ Եվ ամենահետաքրքիր կետն այս ամենի մեջ այն էր, որ Պենտագոնը քաջատեղյակ էր նրանց շահագործման մասին։ Այս մարդիկ վախենում էին մեզ հետ խոսելուց։ Տվյալ հետաքննության վրա վեց ամիս աշխատելուց հետո հավանականությունը, որ նյութը կհաստատվեր, հիսուն-հիսուն էր»,- պատմում է NBC News-ի հետաքննական թիմի ավագ խմբագիր Էնդրյու Լերենը։

Ձախից՝ NBC News-ի հետաքննական թիմի ավագ խմբագիր Էնդրյու Լերենը

Մեկ այլ քննարկում նվիրված էր ապատեղեկատվությանը և դրա հետևանքներին՝ «Ապատեղեկատվությունն ու դրանից դժգոհությունը» խորագրով։ Քննարկմանը մասնակցում էր նաև ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի (CivilNetCheck) ղեկավար Անի Գրիգորյանը։ «Ուշագրավ էր պարզել, որ ապատեղեկատվության և քարոզչության առումով ԱՄՆ-ում բախվում են նույն խնդիրներին, ինչ մենք՝ Հայաստանում, այսինքն՝ զուգահեռները շատ ավելի շատ էին, քան մենք կարող էինք պատկերացնել։ Այն խնդիրը, որ Հայաստանում կեղծ լուրերը ավելի մեծ տարածում ու ազդեցություն ունեն, քան դրանց հերքումը, կա նաև այնտեղ»։

«Ապատեղեկատվությունն ու դրանից դժգոհությունը» խորագրով պանելային քննարկումը

«Արտերկրի լրագրողներ, տեղական պատմություններ» խորագրով քննարկման ժամանակ Le Monde-ի, The New Statesman-ի, Blankspot-ի, CNN-News18-ի և Vice-ի լրագրողները խոսեցին մշակութային և լեզվական խոչընդոտների մասին, քննարկեցին լրագրության դերը սահմաններից դուրս փոխըմբռնման և երկխոսության խթանման գործում և զգայուն թեմաներին անդրադառնալիս առաջացող էթիկական խնդիրները։

Պանելային քննարկումներից բացի տեղի ունեցան անձնական զրույցներ, կազմակերպվեցին մասնագիտական աշխատարաններ։

Անձնական զրույցներից մեկի հյուրը The New York Times Magazine-ի լրագրող Ռոզինա Ալին էր, քննարկման խորագիրը՝ «Խորությամբ ուսումնասիրելու արվեստը»։ Բանախոսը պատմեց, թե ինչպես կարելի է երկար տեքստը դարձնել գայթակղիչ, ինչպես համատեղել գրելու հնարքները ճշգրիտ տվյալների հետ և պահել նուրբ հավասարակշռությունը։ The New Yorker-ի լրագրող Րաֆֆի Խաչատուրյանը բանախոսի հետ քննարկեց նրա վերջին պատմությունը աֆղան երեխայի մասին, որին ապօրինաբար որդեգրել էր ԱՄՆ ռազմածովային ուժերում աշխատող մի զույգ՝ երեխայի ծնողներին սպանելուց հետո։

The New Yorker-ի լրագրող Րաֆֆի Խաչատուրյանը

Բանախոսն անդրադարձավ նման զգայուն պատմությունների էթիկական կողմին։ «Ես անընդհատ մտածում եմ՝ ինչ է կատարվելու, երբ այդ փոքրկը մեծանա ու փորձի գտնել իր ծնողներին, երբ պատահաբար բախվի իմ հոդվածին։ Ես անընդհատ մտածում եմ նրա մասին»,- ասաց Ռոզինա Ալին։

Փառատունն ամփոփվեց Օլեգ Խոմենկոյի հետ անձնական զրույցով։ Լրագրողը զրուցեց հետխորհրդային երկրների վերջին ժամանակահատվածի մարտահրավերների մասին։

Մասնագիտական նրբություններ, հուզական պատմություններ, տեղական և միջազգային լրագրողներ, առաջին քայլեր մեդիա ոլորտում ու մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտումներ։ Այսպիսինն էր EVN-ի երկրորդ մեդիափառատոնը։

Պատրաստեց Հասմիկ Հովհաննիսյանը

Մեկնաբանել