Վրաստանի ԳԱԱ ղեկավարին «պրանկ են արել», նա Ակադեմիայի անդամություն է խոստացել վարչապետին 

Լուսանկարում՝ Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր մասնաշենքը։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նորանշանակ նախագահը խոստացել է ակադեմիայի լիիրավ անդամություն (հայտնի է որպես «ակադեմիկոս») շնորհել վարչապետին, երբ վարչապետի թիմից ներկայացած մի լրագրող նրան դիմել է այդպիսի խնդրանքով:

Կիրակի «Մթավարի» հեռուստաընկերությունը հեռարձակել է լրագրող Բեկա Կորշիայի և 83-ամյա Ռոին Մետրևելիի միջև տեղի ունեցած խոսակցությունը։ Խորհրդային Միության տարիներին պաշտոններ զբաղեցրած Մետրևելին հունիսի 7-ին է նշանակվել Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում։

Հեռախոսազանգի ընթացքում, որը տեղի է ունեցել Ակադեմիայի նախագահի պաշտոնում Մետրևելիի աշխատանքային առաջին օրը, լրագրող Բեկա Կորշիան ներկայանում է որպես վարչապետի խորհրդական Ակա Մամացաշվիլի։ Նա Մետրևելիին ասում է, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն իրեն խնդրել է զանգահարել և խնդրել Մետրևելին, որ [Վրաստանի վարչապետ] Իրակլի Ղարիբաշվիլիին ակադեմիայի լիիրավ անդամություն շնորհի։

Ռոին Մետրևելին։ Լուսանկարը` Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի:

Նա ասում է, թե դա «շատ օգտակար կլինի համաժողովների ժամանակ, որոնց վարչապետը մասնակցում է»՝ պնդելով, որ վարչապետն այժմ աշխատում է պահպանողականության թեմայով գիտական աշխատության վրա:

Հեռախոսազրույցի ժամանակ լսվում է, թե ինչպես է Մետրևելին անմիջապես հաստատում, որ «մենք կարող ենք դա անել»:

«Համարեք, որ դա հնարավոր կլինի պարոն Իրակլիի համար, և ես ուզում եմ, որ իմանաք, որ Ակադեմիան լիովին աջակցում է նրան, մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- լսվում են Մետրևելիի խոսքերը։

Կորշիան Մետրևելիին կարգադրում է գաղտնի պահել պայմանավորվածության մանրամասները, ինչը Մետրևելիի կարծիքով դժվար կլինի, թեև վերջինս «հինգ րոպե» տևողությամբ հանդիպում է խնդրում վարչապետի հետ, որպեսզի որոշ մանրամասներ բացատրի նրան։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Գիտությունների ազգային ակադեմիայի լիիրավ անդամություն՝ ակադեմիկոսի պաշտոն, կարող է տրվել վրաստանցի գիտնականին, որը «գիտության զարգացմանը նպաստել է միջազգային մակարդակով և գիտական շրջանակներում բարձր հեղինակություն է վայելում»։

Ըստ Վրաստանի վարչապետի պաշտոնական կենսագրության՝ նրա ակադեմիական ամենաբարձր ձեռքբերումը Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանն է։

Մետրևելին դեռ չի մեկնաբանել այս պատմությունը։ Այնուամենայնիվ, Կորշիան պնդել է, որ Մետրևելիի թոռները «զանգել են բոլոր հնարավոր մարդկանց»՝ փորձելով կանխել այդ նյութի հեռարձակումը:

«Այստեղ կավելացնեմ, որ դուք չեք կարող ինձ վախեցնել սպառնալիքներով»,- Ֆեյսբուքում արված գրառմամբ նշել է Կորշիան։

Չնայած սկանդալի կապակցությամբ Մետրևելիի նկատմամբ ուժգնացող ճնշումներին՝ Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելյանին երկուշաբթի պաշտպանել է նրան և այս պատմության համար ողջ պատասխանատվությունը դրել լրագրողի վրա՝ հերքելով Մետրևելիի՝ հնարավոր անօրինական որևէ արարք կատարելը:

«83-ամյա մարդու հետ այս կերպ վարվելը հպարտանալու բան չէ, որ մարդ կարող է անել, մնացած ամեն ինչ երկրորդական է»,- գրել է նա։

Ռոին Մետրևելին 2013-ից զբաղեցրել է Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը, իսկ նախագահ նշանակվել է հունիսի 7-ին:

Խորհրդային տարիներին Մետրևելին ակադեմիական և ղեկավար մի քանի պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի կոմունիստական ապարատում: Նա եղել է Վրաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Իր ռեպորտաժի սկզբում «Մթավարի» հեռուստաընկերության լրագրող Բեկա Կորշիան Մետրևելիին նկարագրել է որպես «Խորհրդային ժամանակաշրջանի ամենահաջողակ կաշառակեր»:

«Ոչ ոք չէր կարող համալսարան ընդունվել, եթե [Մետրևելիին փող չէր տվել]։ Այդպիսի մարդ է նշանակվել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ»,- ասել է Կորշիան։

1991-2004 թվականներին Մետրևելին զբաղեցրել է նաև Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Համաշխարհային բանկի հրապարակած 2012-ի զեկույցի համաձայն՝ նա ստիպված է եղել հեռանալ պաշտոնից բարձրագույն կրթության համակարգում համատարած կոռուպցիայի պատճառով:

Մեկնաբանել