Դամասկոսը Մուրսիին մեղադրում է Սիրիայում արյունահեղություններ հրահրելու մեջ

Այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին Թեհրանում Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովի ընթացքում Սիրիայի վարչակարգն անվանել էր ճնշող, Դամասկոսը Մուրսիին մեղադրել է Սիրիայում արյունահեղություններ հրահրելու մեջ, հաղորդում է AFP-ն:

Սիրիայի հանրային հեռուստաընկերության եթերում երկրի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ իրենք Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովում Եգիպտոսի նախագահի ելույթի ժամանակ հեռացել են դահլիճից՝ հրաժարվելով լսել նրա ելույթը, քանի որ այն Սիրիայում արյունահեղությունների շարունակման կոչ էր պարունակում:

Մուրսին իր ելույթում ասել էր, որ սիրիացի ընդդիմադիրներին աջակցելը «բարոյական պարտք» է, և որ նրանք պայքարում են սիրիական «ճնշող վարչակարգի» դեմ:
«Մենք բոլորս պետք է մեր աջակցությունը ցուցաբերենք սիրիացի ռազմիկներին, որոնք պայքարում են հանուն արդարության և ազատության»,- հայտարարել էր Մուրսին:

Նշենք, որ Եգիպտոսի նախագահը 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ էր այցելում Իրան:

Մեկնաբանել